Այսօրվա մեր խաղի ոչ մի դրվագից էլ գոհ չեմ. Արթուր Պետրոսյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Լիտվայի հետ խաղի ոչ մի դրվագից գոհ չէ:
«Ոչ մի հատվածն էլ չգոհացրեց։ Վերջին 15 րոպեում ինչ-որ բան սկսեց ստացվել, դա էլ թիմի ագրեսիվ խաղի շնորհիվ։ Մենք փորձեցինք այսօր Բալեկյանին և Ադամյանին հարձակման սուր եզրում խաղացնել, բայց ստացվեց բավական անատամ հանդիպում։ Հետո փորձեցինք խաղը ինչ-որ ձև փոխել, բայց չստացվեց։ Այսօրվա մեր խաղի ոչ մի դրվագից էլ գոհ չեմ»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Պետրոսյանը:
Խոսելով Մխիթարյանի խաղի մասի հայ մասնագետը շեշտել է. «-Ես կասեի՝ ամբողջ թիմի խաղն էր անհաջող։ Մխիթարյանին հետ էինք քաշել, նա կենտրոնում էր խաղում Ռումյան Հովսեփյանի հետ։ Մեր ամենամեծ խնդիրը այս խաղում այն էր, որ չհասցրեցինք փակել կենտրոնական դիրքը։ Առաջին անգամն էր, որ մենք այս մարտավարությամբ դուրս եկանք դաշտ։ Նորից կրկնեմ՝ չստացվեց: Սա մեր վերջին փորձնական խաղն էր, և մեր հնարավորության չափով փորձարկումներ արեցինք՝ մեր կազմը հասկանալու համար։ Ճիշտ է, շատ ցավալի էր պարտությունը, մեր խաղը լավ չստացվեց, բայց մարզչական շտաբի համար շատ կարևոր է բոլորին գործի մեջ տեսնելը»:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընկերական խաղում պարտվեց Լիտվային 0:1 հաշվով: