ՆԱՏՕ-ի ավելի քան 25 պետություն պատրաստվում է արտաքսել ռուս դիվանագետներին
ՆԱՏՕ-ի ավելի քան 25 պետություն կարտաքսի ռուս դիվանագետներին՝ ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի հետ կապված: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` ավելացնելով, որ դաշինքում ռուսական մշտական ներկայացուցչության աշխատակիցների թիվը կկրճատվի տասով՝ մինչև 20-ը: Յոթ դիվանագետ կզրկվի արդեն համաձայնեցված հավատարմագրերից, իսկ երեքը մերժում կստանան:
Ավելի վաղ Եվրամիության 16 երկիր, ինչպես նաև ԱՄՆ-ն, Կանադան, Նորվեգիան, Ուկրաինան և մի շարք այլ երկրներ որոշում են կայացրել Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ռուս դիվանագետներին արտաքսելու մասին: ԱՄՆ-ն, մասնավորապես, հայտարարել է ՌԴ դիվանագիտական առաքելությունների 48 աշխատակիցների և ՄԱԿ-ում առաքելության ևս 12 աշխատակցի արտաքսելու և Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը փակելու մասին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման առնչությամբ: Նա հայտարարել էր նաև Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին: Բացի այդ, չեղարկվել է Մեծ Բրիտանիա այցելելու համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը: