Բաժիններ՝

Սերժ Սարգսյանն ընդունել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնին:

Հանրապետության Նախագահը նշել է, որ ուրախ է Հայաստանում կրկին հյուրընկալելու նախարար Ժան Ասելբորնին՝ մի մարդու, ում ջերմ վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ, ինչպես նաև անաչառ և սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին հուզող հարցերի շուրջ, թույլ են տալիս նրան համարել Հայաստանի բարեկամը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը խորապես շահագրգռված է Լյուքսեմբուրգի հետ ամրապնդելու և զարգացնելու հարաբերությունները բոլոր ոլորտներում: Նախագահի համոզմամբ՝ Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև հարաբերությունների զարգացման բավականաչափ ներուժ կա, որը բացահայտելու համար անհրաժեշտ է ակտիվացնել քաղաքական երկխոսությունը, զարգացնել օրենսդիր մարմինների միջև համագործակցությունը և ընդլայնել իրավապայմանագրային դաշտը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունների ամրապնդմանը, անկասկած, կնպաստի ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը կարևոր է փոխգործակցության զարգացման և Հայաստանում բարեփոխումների իրականացման տեսանկյունից։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ բարեկամ Լյուքսեմբուրգը բարձր մակարդակով ներկայություն կապահովի այս տարվա աշնանը Հայաստանում կայանալիք խոշորագույն իրադարձությանը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին:

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարը շնորհակալություն է հայտնել միջոցառմանը մասնակցության հրավերի համար և հաջողություններ մաղթել Հայաստանին ինչպես այս, այնպես էլ երկրի համար կարևոր մյուս երկու պետական միջոցառումների՝ Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին ու Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների անցկացմանը:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ԼՂ հիմնահարցի վերաբերյալ բարեկամ Լյուքսեմբուրգի անկողմնակալ դիրքորոշումը և սատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու մոտեցումներին, որը համահունչ է նաև ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը:

Սերժ Սարգսյանը մեծապես արժևորել և երախտագիտություն է հայտնել Լյուքսեմբուրգին՝ երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի միաձայն ընդունման համար:

Հանրապետության Նախագահը և նախարար Ժան Ասելբորնը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման և փոխգործակցության զարգացման հնարավորությունների և հեռանկարի շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս