
Ֆրանսիայում մահացել է դերասանուհի Ստեֆան Օդրանը. AFP

85 տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ստեֆան Օդրանը (իսկական անունը՝ Կոլետ Դաշեւիլ): Այդ մասին AFP գործակալությանը հայտնել է դերասանուհու որդին՝ Տոմա Շաբրոլը:
Նշվում է դերասանուհին վախճանվել է «հիվանդության հետեւանքներից»: Ստեֆան Օդրանը դերասանական կարիերան սկսել է 1950-ական թվականներին Փարիզի թատրոններում ունեցած ելույթներով: Կինոէկրանին նա երկրորդ պլանի ոչ մեծ դերերով դեբյուտել է ֆրանսիական նոր ալիքի ռեժիսորների ֆիլմերում: Նրան ճանաչում է բերել Կլոդ Շաբրոլի հետ համագործակցությունը, որը հետագայում դարձավ նրա ամուսինը: Նրանց առաջին համատեղ աշխատանքը դարձել է «Զարմիկները» ֆիլմը (1959 թ.), որտեղ Օդրանը խաղացել է էպիզոդիկ դերերից մեկը:
Հետագայում դերասանուհին դարձել է Շաբրոլի գլխավոր մուսան, որի ֆիլմերում նա կատարում էր գլխավոր դերեր: Այդ աշխատանքներն Օդրանին ճանաչում բերեցին Ֆրանսիայում եւ նրա սահմաններից դուրս: Դերասանուհու կարիերայի ծաղկման ժամանակաշրջանը 1970-ական թվականներն Էին, երբ նա աչքի ընկավ այնպիսի ֆիլմերի մասնակցությամբ, ինչպիսիք են «Մսագործը» (1970 թ.) եւ «Արյունոտ հարսանիքը (1973 թ.) կինոնկարները:
Նա համագործակցել է նաեւ իսպանացի ռեժիսոր Լուիս Բունյուելի հետ: Նրա «Բուրժուազիայի համեստ հմայքը» ֆիլմում աշխատանքի համար Օդրանը բրիտանական BAFTA հեղինակավոր մրցանակի է արժանացել որպես 1973 թվականի լավագույն դերասանուհի: Օդրանի ձեռքբերումների շարքում է նաեւ 1978 թվականի «Սեզար» գլխավոր ֆրանսիական կինոմրցանակը «Վիոլետա Նոզիեր» (1978 թ.) կինոնկարում երկրորդ պլանի լավագույն դերի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: