«Եթե նման բարձր մակարդակով են դա ասում, նշանակում է, որ ամբողջ ռուսական պետական համակարգն իրենց տվել է այդ «դաբրոն»». Թևան Պողոսյան

«Մենք Ռուսաստանի արած հետևությունների մասին կարող ենք խոսել, երբ այլևս չլսենք նոր պայմանագրերի մասին։ Երկրորդ հետևությունը, որը մեզ ավելի շատ պետք է հետաքրքրի, այն է, թե արդյո՞ք հնարավորություն է ձևավորվում՝ համատեղ հայ-ռուսական ռազմաարդյունաբերությունը զարգացնել Հայաստանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով  ՀՀ Ազգային ժողովում ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ («Եդինայա Ռոսիա» կուսակցություն) Կոնստանտին Զատուլինի և  ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի վերջին հայտարարություններին, թե Ռուսաստանը հետևություններ է արել և Ադրբեջանին նույն ծավալներով զենք չի մատակարարում, ինչ նախկինում, այս մասին ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։

Թևան Պողոսյանը հույս հայտնեց, որ Հայաստանը սեփական ռազմաարդյունաբերությունը զարգացնելու հարցը քննարկում է. «Հետևությունները միայն խոսքով չեն, արդյունքով են, եթե ժամանակի ընթացքում տեսնենք արդյունքները, միգուցե կանենք։ Զատուլինը միշտ է եղել ինչ-որ չափով պրոհայկական տեսակետ ունեցող, մի կողմից՝ օբյեկտիվ իմաստով, որովհետև պատմաբան է և պատմության մասով խոսում է ազնվության տեսակետից, այլ ոչ թե՝ պրոհայկական։

Այնպես որ, Զատուլինի կամ Կոսաչովի այն ասածները, որ հետևություններ են արել, այսօրվա դրությամբ պետք է միայն ի գիտություն ընդունել։ Բայց եթե նման բարձր մակարդակով են դա ասում, նշանակում է, որ ամբողջ ռուսական պետական համակարգն իրենց տվել է «դաբրոն»՝ այդ տեսակի արտահայտություն անելու։ Դա նշանակում է, որ հարցը քննարկվել է, մոտեցումներ կան»։

Նա ընդգծեց՝ Հայաստանը պետք է սեփական ռազմաարդյունաբերությանը զարկ տա, որ ապահով լինի. «Վստահ չեմ, որ քայլեր չեն արվում, հարցն այն է, թե այդ քայլերը բավարա՞ր են, թե՞ ոչ»։

Տեսանյութեր

Լրահոս