Թրամփի վարկանիշը հասել է վերջին 11 ամսվա ամենաբարձր ցուցանիշին. CNN
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին աջակցության մակարդակը վերջին մեկ ամսում աճել է 7 տոկոսային կետով՝ հասնելով 42 տոկոսի նշագծին, ինչը հանրապետականի ամենաբարձր ցուցանիշն է դարձել վերջին 11 ամսվա ընթացքում: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, վկայում են CNN հեռուստաընկերության կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են մարտի 26-ին:
Ընդհանուր առմամբ, հարցվածների 42 տոկոսը հավանություն է տալիս այն բանին, թե պետության ղեկավարն ինչպես է կատարում իր պարտականություններն այն դեպքում, երբ 54 տոկոսը դժգոհ է մնում նրա աշխատանքից: Փետրվարին անցկացված համանման հետազոտության համեմատությամբ, ցուցանիշներն ավելացել են 7 տոկոսային կետով՝ հանրապետականների շրջանում՝ 80 տոկոսից մինչեւ 86 տոկոս, անկախների շրջանում՝ 35 տոկոսից մինչեւ 41 տոկոս:
Չնայած այն բանին, որ Թրամփին աջակցության մակարդակն ամենացածրն է նրա նախորդների շարքում, առաջին նախագահական ժամկետի այս փուլում նա Բարաք Օբամայից եւ Ռոնալդ Ռեյգանից հետ է մնում ընդամենը 4 տոկոսային կետով, նշում է CNN-ը: Հարցվածներն առավել դրական են արտահայտվում ԱՄՆ-ի ղեկավարի տնտեսական քաղաքականության մասին. 48 տոկոսը հավանություն է տալիս դրան, իսկ 45 տոկոսը դժգոհ է դրանից: Դրա հետ մեկտեղ առեւտրի հարցում նախագահի գործողություններից դժգոհողներն ավելի շատ են. 50 տոկոսը դեմ է, իսկ 38 տոկոսը՝ կողմ:
Թրամփի արտաքին քաղաքականությանը հավանություն է տալիս ամերիկացիների 39 տոկոսը, 53 տոկոսը բացասաբար է արտահայտվում դրա մասին: ԱՄՆ-ի քաղաքացիների 47 տոկոսը գտնում է, որ հանրապետականը բավականաչափ կոշտ չի գործում Ռուսաստանի նկատմամբ այն դեպքում, երբ հակառակ կարծիքին է հարցվածների 41 տոկոսը:
Մարտի 22-25-ին անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել են հազարից ավելի ամերիկացիներ: Վիճակագրական անճշտությունը կազմում է 3,7 տոկոս: