
Կոնյակ, ծաղիկներ ու ծաղկեպսակ՝ Սպիտակ համայնքի գնումների պլանում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզի Սպիտակ քաղաքի համայնքապետարանը ՀՀ ֆինանսների նախարարության ՀՀ պետական գնումների համակարգում ընթացիկ տարվա պետական գնումների լրացման մասին փաստաթուղթ է ներկայացրել:
Փաստաթուղթը քաղաքապետ Գագիկ Սահակյանի կողմից հաստատվել է 2018 թ. մարտի 20–ին: Համաձայն ներկայացված փաստաթղթի՝ Սպիտակի համայնքապետարանը նախատեսում է գնման «Մեկ անձից» կատարվող ընթացակարգով 320000 ՀՀ դրամ արժողությամբ հեռուստացույց գնել:
Գնման նույն ընթացակարգով գնումների պլանում է նաեւ գրասենյակային բազկաթոռը, որի արժեքը 200000 ՀՀ դրամ է: Իսկ նվերների եւ պարգեւների համար Սպիտակ համայնքը նախատեսում է 100 000 ՀՀ դրամ ծախսել:
Բացիկների եւ շնորհավորանքների պատրաստման ծառայության վրա էլ համայնքը կծախսի 346500 ՀՀ դրամ: Բացի այդ, նախատեսվում է նաեւ 300000 դրամի ծաղիկներ գնել:
Ի թիվս այլ ապրանքների, նաեւ 67 տուփ շոկոլադե կոնֆետների ընտրանի կգնեն, որոնցից յուրաքանչյուրն արժե 4700 ՀՀ դրամ: Ընդհանուր առմամբ, շոկոլադե կոնֆետների ընտրանիները գնելու համար կծախսվի 314900 դրամ:
Գնումների պլանում են նաեւ «Արարատ 5 աստղ» կոնյակները: Կգնվի 63 կոնյակ, որոնք ձեռք բերելու համար կծախսվի 371700 ՀՀ դրամ: 105500 ՀՀ դրամ կծախսվի 21 ծաղկային կոմպոզիցիա գնելու համար: Յուրաքանչյուրի գինը 5000 ՀՀ դրամ է: 90000 ՀՀ դրամ էլ կծախսվի 4500 դրամ արժողությամբ 20 ծաղկային կոմպոզիցիա գնելու համար:
Սպիտակի համայնքապետարանը կգնի նաեւ 25000 ՀՀ դրամ արժողությամբ 8 ծաղկեպսակ՝ ընդհանուր առմամբ ծախսելով 200000 ՀՀ դրամ: Հուշանվերներ ձեռք բերելու համար էլ կծախսվի 205000 ՀՀ դրամ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։