Սահմանադրական փոփոխությունները կայուն զարգացման համար զարգացման նախադրյալներ են ստեղծել. ՀՅԴ հայտարարությունը
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 21-րդ Գերագույն ժողովի արդյունքներով կուսակցության ժողովը հանդես է եկել հայտարարությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 21-րդ Գերագույն ժողովը, քննելով Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակը, ներքին և արտաքին ճակատների վրա առկա մարտահրավերները, արձանագրում է.
Սահմանադրական փոփոխություններից բխող պետական կառավարման համակարգի փոփոխությունները և համապատասխան օրենսդրական կարգավորումները անհրաժեշտ նախադրյալներ են ստեղծել մեր պետականության կայուն զարգացման համար։
Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության հիմնախնդիրը շարունակում է մնալ հիմնական օրակարգ և թելադրում է առաջնահերթ ռազմավարությունները պետական և հանրային կյանքի տարբեր ասպարեզներում։
ԵԱՏՄ և ԵՄ հետ գործընկերային հարաբերությունների համադրմամբ բարենպաստ միջավայր է ստեղծվել բազմավեկտոր, փոխլրացնող արտաքին քաղաքականություն իրականացնելու, քաղաքական և տնտեսական բարեփոխումները արդյունավորելու համար։
Առ այդ, առաջիկա երկամյա ժամանակաշրջանի համար ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը առաջնահերթ է համարում.
իրավունքի գերակայության սկզբունքների լիարժեք իրացումը երաշխավորող մարդու իրավունքների ու ազատությունների ապահովման համակարգի ձևավորումը, կայուն զարգացում ապահովող սոցիալական շուկայական տնտեսական համակարգի ձևավորումը, սոցիալական արդարության սկզբունքների պահպանման գործում պետության առաջնային դերակատարության ստանձնումը և նոր աշխատատեղերի ու եկամտաստեղծ գործունեության խթանումը, հանրային կյանքի բոլոր ոլորտներում համակարգային և որակական փոփոխությունների իրականացումը, իշխանության մարմինների թափանցիկ, հաշվետու և արդյունավետ աշխատանքը, հակակոռուպցիոն քաղաքականության ակտիվացումը, հասարակության մեջ պետության և ապագայի հանդեպ վստահության հիմքերի ստեղծումը, երկրի առաջանցիկ զարգացման ռազմավարական տեսլականի մշակումը և դրանից բխող ծրագրերի իրագործումը, «Ազգ-բանակ» հայեցակարգի ամբողջական գործադրման և ռազմաարդյունաբերական համակարգի զարգացման նախադրյալների ստեղծմանն աջակցումը, ակտիվ ժողովրդագրական քաղաքականության իրականացման ուղղությամբ թիրախավորված ու գործուն քայլերի ձեռնարկումը և արտագաղթի կասեցումը։
Մեկնելով այս հաստատումներից և առաջնահերթություններից՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի շեմին ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը վերահաստատում է իր կամքն ու վճռականությունը հետևողական և ամենօրյա աշխատանքով նպաստելու մեր պետականության հետագա զարգացմանը, մեր ժողովրդի անվտանգ և արժանապատիվ կյանքի պայմանների ապահովմանը»։