
ԱՄՀ-ի ղեկավարը եվրոգոտու երկրներին առաջարկել է ստեղծել հատուկ հակաճգնաժամային հիմնադրամ

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) եվրոգոտու երկրներին առաջարկում է ստեղծել հատուկ հիմնադրամ, որտեղ միջոցներ կկուտակվեն «սեւ օրվա համար», որպեսզի պետությունները հնարավորություն ունենան մեղմացնել տնտեսական անկումների հետեւանքներն ապագայում: Այդ մասին Բեռլինում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՀ-ի կարգադրիչ-տնօրեն Քրիստին Լագարդը:
«ԱՄՀ-ն արդեն վաղուց հանդես էգալիս կենտրոնական հարկաբյուջետային ինստիտուտներ ստեղծելու օգտին: Այսօր մենք հրապարակում ենք մի զեկույց, որում նկարագրում ենք, թե ինչպես այն կարող է աշխատել: Դրանում առաջարկվում է ստեղծել «սեւ օրվա հիմնադրամ», որտեղ եվրոգոտու պետությունները տարեկան մուծումներ են անում լավ ժամանակներում ակտիվներն ավելացնելու համար:
Այնուհետեւ, կախված տնտեսական անկման խորությունից, երկրները կստանան հատկացումներ, որոնք նրանց կօգնեն ծածկելու բյուջեի դեֆիցիտը»,-նրա խոսքը մեջբերվում է ԱՄՀ-ի կայքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: