«Բժիշկների մի մասն ուզում է, որ կոռուպցիոն ռիսկերը մնան այնտեղ, որտեղ կան». ԱՆ փոխնախարար
«Բոլորը միաբերան 4 շաբաթ պնդում են, որ դեղատոմսերի կարգը պետք է։ Խնդիրն այն է, որ բժիշկների մի մասն ուզում է, որ կոռուպցիոն ռիսկերը մնան այնտեղ, որտեղ կան»,- այսօր խորհրդարանում կազմակերպված լսումների ժամանակ այս մասին ասաց ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ կարգը բացառապես վերաբերում է դեղատոմսով դուրս գրվող դեղերի՝ դեղատոմսով դուրսգրմանը. «Եթե դեղատոմսի դուրսգրումն առհանել և ցուցադրել է որոշակի խնդիրներ, հավատացնում եմ, որ այդ խնդիրների լուծման մասին մենք մտածում ենք։ Բայց հարիր և անհարիր քննադատել մի կարգ, որը քաղաքական արտահայտություն չունի, ճիշտ չէ։ Ճիշտ չէ դա անել մասնագետների ձեռքերով, որպեսզի ժողովրդի մոտ վարկաբեկվի այս գաղափարը։ Իրականում պետական քաղաքականությունն ամրագրված է օրենքով, հստակ նշված են բոլոր խնդիրները, որոնք պետք է իրականացնի կառավարությունը, լիազոր մարմինը»։
Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանն իր ելույթում նշել էր, թե դեղը տանձ չէ, առողջապահությունն էլ Նազիկ տատիկի բոստանը չէ։ ԱՆ փոխնախարարը հակադարձեց՝ ասելով, թե նա միտումնավոր փորձում է հարցին տալ քաղաքական նշանակություն, քան իրականում է. «Իրականում մենք քաղաքական նպատակ չենք հետապնդել»։