«Ես կարող եմ ասել այն, ինչ ժամանակին ասել է իմ հանգուցյալ ընկեր Վազգեն Սարգսյանը». Զատուլին
«Վերջին տարիներին Հայաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը 30 տոկոսով աճել է, արտահանումը Հայաստանից Ռուսաստան աճել է 44 տոկոսով, 30 տոկոսով ավելացել է Ռուսաստանի քաղաքացիների՝ Հայաստան այցելությունների թիվը»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ («Եդինայա Ռոսիա» կուսակցություն) Կոնստանտին Զատուլինը:
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն, բնականաբար, դեռ իր ամբողջ ուժով չի աշխատել, բայց ճտերը մինչև աշուն հաշվելն անիմաստ է. «Մենք շատ հանգիստ վերաբերվեցինք նրան, որ Հայաստանը ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրեց, մենք դիտարկում ենք ՀՀ-ին՝ որպես ԵԱՏՄ անդամ, մենք այսօր Հայաստանում գլխավոր ներդրողն ենք»:
Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը ժամանակին ասել է, թե Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է: Ի պատասխան՝ Կ. Զատուլինն ասաց. «Ես կարող եմ ասել այն, ինչ ժամանակին ասել է իմ հանգուցյալ ընկեր Վազգեն Սարգսյանը. նա ասել է՝ Ռուսաստանն ունի իր Իսրայելը Կովկասում: Ես շատ էի սիրում Վազգեն Սարգսյանին, որովհետև նա շատ խելացի մարդ էր»:
Հարցին՝ Գրիզլովի հետ համաձա՞յն եք, Զատուլինն այսպես պատասխանեց. «Ես համաձայն եմ Գրիզլովի հետ, հուսով եմ՝ նա էլ ինձ հետ է համաձայն»:
Դիտարկմանը, թե կարծիք կա, որ Թուրքիան վերցրել է Աֆրինը՝ ՌԴ-ի և Ադրբեջանի թույլտվությամբ, և կա պայմանավորվածություն այդ նույնն անել Ղարաբաղի հետ՝ Կ. Զատուլինն այսպես արձագանքեց.
«Դա անհնար է, Ղարաբաղի վերաբերյալ ոչ մի պայմանավորվածություն Թուրքիայի հետ չկա: Մենք Թուրքիայի հետ չենք քննարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները զարգացնելու հարցերը, դրա համար չունենք ոչ մի պատճառ և առիթ: Ինչ վերաբերում է Սիրիային, մենք համագործակցում ենք և՛ Թուրքիայի հետ, և՛ Իրանի հետ: Ես հեռու եմ այն մտքից, որ ՌԴ-ն կարող է ինչ-որ բան թույլ տալ կամ չտալ»: