Կոնստանտին Զատուլինը պատմեց, թե ինչպես է բանակցությունների ժամանակ Արկադի Ղուկասյանը շփոթմունքի մեջ գցել ամբողջ Ադրբեջանի պատվիրակությանը

Այսօր ԱԺ-ում ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ («Եդինայա Ռոսիա» կուսակցություն) Կոնստանտին Զատուլինը խոսեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանը և Զանգեզուրն ադրբեջանական պատմական տարածքներ լինելու հայտարարությունների մասին:

Նրա համոզմամբ՝ Ալիևի այդ հայտարարությունն ավելի թուլացրեց իր դիրքը միջազգային հարթակում: Ըստ Կ. Զատուլինի՝ այդ հայտարարությունն ավելի շատ ուղղված էր ներքին լսարանին՝ հաշվի առնելով Ադրբեջանում կայանալիք առաջիկա ընտրությունները, բայց, նրա խոսքով, այդ հայտարարությունը որևէ քննադատության չի դիմանում և՛ պատմական, և՛ քաղաքական տեսանկյուններից. «Պարզ չէ, թե ինչպե՞ս կարող է որևէ մեկը  լուրջ վերաբերվել այդ հայարարությանը»:

Կ. Զատուլինն այս հարցի առնչությամբ մի դեպք հիշեց անցյալից, երբ դեռ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մասնակցում էր բանակցություններին, և իր «հին ընկերը», այն ժամանակվա արտաքին հարաբերությունների նախարար Արկադի Ղուկասյանը բանակցային պրոցեսի շրջանակներում Հռոմում էր:

Կ. Զատուլինի փոխանցմամբ՝ Ա. Ղուկասյանը ճնշված տեսք է ընդունել, և երբ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչներից մեկը հարցրել է նրան, թե ի՞նչ է պատահել, Ա. Ղուկասյանը պատմել է, որ Հռոմում տեսել է, որ Հռոմեական կայսրության քարտեզների վրա գրված է՝ Մեծ Ադրբեջան, այն դեպքում, երբ հայկական կողմը տարիներ շարունակ այդ տարածքներն իր պատմական հայրենիքն է համարել:

«Հաջորդ օրը հանդիպման ժամանակ ամբողջ ադրբեջանական պատվիրակությունը գալիս է ջղայնացած վիճակում, քանի որ այն պատվիրակը, որի հետ խոսել էր Արկադի Ղուկասյանը, ամբողջ ադրբեջանական պատվիրակությանը տարել է ցույց տալու այդ քարտեզները, որպեսզի համոզվեն, որ Իտալիայում ամեն տեղ Հռոմեական կայսրության քարտեզի վրա գրված է Մեծ Ադրբեջան: Դժբախտաբար, այդտեղ գրված էր եղել՝ Մեծ Հայաստան»,- պատմեց Կ. Զատուլինը:

Այդ պատմությունը պատմելուց հետո՝ Կ. Զատուլինը հորդորեց Ի. Ալիևի նմանատիպ հայտարարություններին լուրջ չվերաբերվել:

Տեսանյութեր

Լրահոս