«Ժամկետանց դեղեր վաճառելու նպատակ չկար և չէր կարող լինել». ԱՆ փոխնախարար
«Մամուլում գրել էին, որ քաղաքացիները ստացել են դեղեր, բայց չեն ընդունել, այլ հանել են վաճառքի «սև շուկայում», որովհետև այդ դեղերն արդեն դեղատոմսով են։ Հասարակությունը շատ արագ արձագանքում է որոշման բացթողումներին։ Դուք ասում եք՝ թող մարդիկ կիրակի օրով հասնեն հիվանդանոց, ինչո՞ւ մենք չենք գնում մեր հասարակության մոտ։ Թող դեղատանը բժիշկ լինի, որ մարդը վստահ լինի՝ կգնա դեղատուն, իրեն նշանակումներ կանեն, դեղը կստանա»,- այսօր ԱԺ-ում ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին նման հարց ուղղեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Նա նաև հետաքրքրվեց, թե արդյո՞ք նպատակ կար կուտակված ժամկետանց դեղերը վաճառելու, որի համար հանրության մեջ խուճապ են փորձել առաջացնել։
«Ժամկետանց դեղեր վաճառելու նպատակ չկար և չէր կարող լինել։ Ժամկետանց դեղերի ոչնչացման համար հստակ մեխանիզմներ կան․ կան կազմակերպություններ, որոնք ժամկետանց դեղերը պայմանագրային հիմունքներով վերցնում և ոչնչացնում են։ Դրանք հատուկ ջերմաստիճանային այրման խցիկներում են ոչնչացվում»,- պատասխանեց Խաչատրյանը։
Նրա հիշեցրեց, որ նախկինում նախարարությանն անընդհատ քննադատում էին վերահսկողություն չիրականացնելու մեջ, որ դեղատոմսով դուրս գրվող դեղերն ազատ վաճառքի են հանված, և նշեց, որ կառավարության որոշման լավ կամ վատ լինելը պայմանավորված է մի շարք շահագրգիռ խմբերի վրա ազդեցություն ունենալու հետևանքով. «Նույնիսկ ամենամեծ բյուջեով նախապատրաստումը պետք է առաջացներ նման հարցեր»։