Հայաստանում անասնաբուծությունն անկում է ապրում
Հայաստանում անասնաբուծությունն անկում է ապրում: Դա են վկայում Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշները: Այսպես. այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառվել է 590 հազար 585 խոշոր եղջերավոր կենդանի` նախորդ տարվա 655 հազար 771-ի փոխարեն, այսինքն` անկումը կազմել է շուրջ 10% կամ 65 հազար 186 գլուխ:
Կրճատվել է նաև ոչխարների թիվը` 699 հազար 561-ից դառնալով 637 հազար 978, այսինքն` անկումը կազմել է մոտ 9% կամ 61 հազար 583 գլուխ:
Խոզերի թիվը կրճատվել է 5%-ով կամ 8792 գլխով` 175 հազար 549-ից դառնալով 166 հազար 757:
Ընդ որում` բոլոր անասնատեսակների գծով գլխաքանակի նվազում գրանցվել է նաև անցած տարի` միջինում 5%-ով: