«ԵՄ հետ վիզայի ազատականացման բանակցությունները կարող են ձգձգվել». Ստեփան Գրիգորյան

Եվրամիության հետ վիզայի ազատականացմանը Հայաստանը դեռ պատրաստ չէ և պետք է փուլերով առաջ գնա: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

Ըստ նրա` Հայաստանն ունի դյուրացված վիզային ռեժիմ, այժմ պետք է լինի երկխոսություն` ազատականացման նպատակով. «Այդ երկխոսությունը շատ ջանքեր է պահանջում, որպեսզի այնպես չլինի, որ վաղը ազատականացումից հետո մարդիկ մեծ հոսքերով մեկնեն և փորձեն լքել երկիրը»:

Եվրոպայում միգրանտների հետ առաջացած խնդիրները, Վրաստանից սկսված մեծ հոսքը, Ս.Գրիգորյանի կարծիքով, կարող է պատճառ դառնալ Հայաստանի հետ բանակցությունների ձգձգման համար. «Բայց դա նորմալ է, պետք չէ բացասական դիտել: Օրինակ` Վրաստանն ունի վիզայի ազատականացում, բայց 1 տարվա ընթացքում 3000 մարդ, որ գնացել է Եվրոպա, պարզ չէ` անօրինական մնացե՞լ են այնտեղ, թե՞ ոչ, սակայն փաստ է, որ դեռ չեն վերադարձել:

Դա մեծ թիվ չէ, Վրաստանի քաղաքացիների ընդհանուր հոսքի 2 կամ 3%-ն է: Այնուամենայնիվ, հիմա վրացիները եվրոպացիների հետ մեխանիզմներ են մշակում` նման խնդիրները բացառելու համար: Եվրոպացիները տալիս են վրացիներին ազատ մուտք, բայց ասում են` հարգեք մեր խաղի կանոնները, ու հիմա մշակում են, թե ոնց անեն, որ այդ փոքր թիվը, որոնք պարզ չի՝ կվեադառնան, թե ոչ, բայց դա էլ չլինի:

Իրենք ուզում են, որ մինչև վրացիների Եվրոպա մեկնելը՝ նրանք նամակ ուղարկեն ու տեղեկացնեն այդ մասին: Այսինքն` մի փոքր վերահսկման մեխանիզմ է, որով ուզում են կանխել բացասական զարգացումները: Դա նաև մեր շահերից է բխում, որ բացասական զարգացումները կանխվեն: Բայց պարզ է, որ, եթե Ուկրաինայի, Մոլդովայի կամ Վրաստանի դեպքում վատ զարգանա իրադրությունը, դա մեզ վրա էլ կազդի»,- ասում է Ստեփան Գրիգորյանը:

Տեսանյութեր

Լրահոս