Հարկ վճարողները կես տարի ժամանակ են խնդրում
«Հարկ վճարողների պաշտպանություն» h/կ-ն գրություններ է ուղարկել ՀՀ ֆինանսների նախարարություն և ՀՀ ԿԱ ՊԵԿ՝ 2018 թվականի հունվարի 1-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածների համար պատասխանատվության միջոցներ չկիրառելու վերաբերյալ: Կազմակերպությունն առաջարկում է նշված ժամանակահատվածի համար չկիրառել հարկի գումարը պակաս ցույց տալու համար սահմանված տուգանքը, պակաս հաշվարկված հարկի գումարի նկատմամբ հաշվարկվող տույժերը, հարկային հաշվարկը կամ հայտարարությունը սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախատեսված պատասխանատվության միջոցները, այդ թվում` վարչական:
Խնդիրն այն է, որ Հարկային օրենսգրքի 2018 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնելուց հետո, այդ թվում` 2017 թ. տարեվերջին կատարված փոփոխություններով պայմանավորված, օրենսգրքի դրույթներում առկա երկիմաստություններն ու հակասությունները հարկ վճարողների շրջանում բազմաթիվ հարցեր առաջացրեցին, որոնց վերաբերյալ պարզաբանումները կամ ներկայացվեցին հարկային մարմին հաշվարկների ներկայացման վերջնաժամկետից հետո, կամ դեռ չեն ներկայացվել:
Նման իրավիճակում հարկ վճարողները, կարևորելով հարկային պարտավորությունների ճիշտ և ժամանակին հաշվարկման և վճարման անհրաժեշտությունը, իրենց կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ ստիպված էին հայտարարագրել հարկային պարտավորությունները` այդ պահին առկա իրողություններից ելնելով, իրենց ռիսկով, որի հետևանքները կարող են անկանխատեսելի լինել իրավական որոշակիության սկզբունքի բացակայության պայմաններում:
Որոշ հարցերի վերաբերյալ հարկային մարմնի պարզաբանումների առկայության դեպքում հարկ վճարողները կարող էին վերանայել իրենց հայտարարագրած հարկային պարտավորությունները, սակայն բոլոր այն դեպքերում, երբ հարկային պարտավորությունների ճշտման արդյունքում առաջանում է լրացուցիչ հարկային պարտավորություն կամ ավելանում է նախկինում առաջացածը, ապա չարաբաստիկ միասնական հաշվի համակարգի ներդրման արդյունքում հաշվարկվում են տույժեր: Ի դեպ, միասնական հաշվի համակարգի ներդրման անհրաժեշտությունը պետությունը հիմնավորում էր սխալ վճարումների հետևանքով տույժերի չհաշվարկման անհրաժեշտությամբ: Մինչդեռ, տնտեսվարողները պնդում են, որ պետությունն ընդամենը վերանայել է տույժերի հաշվարկման մոտեցումները:
Չնայած բազմաթիվ անգամ տրված պաշտոնական հայտարարություններին, հարկ վճարողներին անհասանելի են միասնական հաշվից հարկային պարտավորությունների մարման կոնկրետ թվային հաշվարկների վերաբերյալ տեղեկությունները, հարկ վճարողներն իրենց կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ չեն տիրապետում իրենց պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությանը:
Ընդ որում` 2018թ. հունվարի 1-ից հետո հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում առաջացել են բազմաթիվ խնդիրներ, խափանումներ, որոնց հետևանքների կրողն ուղղակի կամ անուղղակի դարձել են հենց հարկ վճարողները:
Կազմակերպությունն առաջակել է այս հարցը ներառել Ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի և ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների խորհրդի առաջիկա նիստերի օրակարգում: