
Խոշոր հրդեհ «Դիլիջան» ազգային պարկում

Մասրտի 24-ին` ժամը 18:02-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի դիմացի սարալանջին։
«Դիլիջան» ազգային պարկի 2-րդ պահաբաժնի 10-րդ տեղամասի անտառապահից տեղեկություն է ստացվել, որ «Դիլիջան» ազգային պարկի «Ղուրդախ» կոչվող հանդամասում այրվում է մոտ 2 հա խոտածածկույթ, դեպքի վայրում են գտնվում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դիլիջանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 5 աշխատակից. կրակը վերահսկվում է։
Ժամը 22։20-ին տեղեկություն է ստացվել, որ անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, 4 հրշեջ-փրկարար և ազատ հերթափոխից 8 հրշեջ-փրկարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:05-ին, մարվել՝ 02:20-ին: Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ։ Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՃԿԱԿ-ում ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցչին:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 12 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դիլիջանի անտառտնտեսության» մասնաճյուղի 10 աշխատակից և 2 քաղաքացի։