«Ինձ ուշադիր նայեք, կզգաք՝ ինչ եմ պատասխանում». Գալուստ Սահակյանը՝ ընդդիմադիրների՝ իշխանափոխության կոչերի մասին
«Ես իրենցից չեմ, ես «Հանրապետական» եմ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ խոսելով «Ելքում» տեղի ունեցող զարգացումների մասին:
Այնուամենայնիվ, Գ. Սահակյանն ասաց, որ ինքը կցանկանար, որ «Ելքում» խնդիրներ չլինեին. «Որովհետև, վերջին հաշվով, ընդդիմադիր կուսակցություն է, կարողացել է Ազգային ժողովում լինել, կարծում եմ՝ շատ լավ կլինի, որ կարողանան իրենց նպատակները, որ ունեցել են, նաև հաղորդեն մեր ժողովրդին»:
168.am-ի դիտարկմանը, թե ընդդիմադիր որոշ ուժեր հայտարարում են, որ ապրիլի 9-17-ը ռեալ շանս կա իշխանափոխություն իրականացնելու համար, Գ. Սահակյանն այսպես արձագանքեց. «Ուզում եք այդ հարցին պատասխանե՞մ, որ ինձ ուշադիր նայեք, կզգաք՝ ինչ եմ պատասխանում: Ընդդիմություն են, իրենց գործն են կատարում»:
Մեր ճշտող հարցին՝ իշխանափոխության շանսեր կա՞ն, Գ. Սահակյանն այսպես պատասխանեց. «Եթե մի կուսակցության ժողովուրդն այդքան ձայն է տվել, իշխանափոխության մասին խնդիր չի կարող լինել, և ընդհանրապես միշտ մտածեք՝ հայ ժողովրդի ներսում իշխանափոխություն չի կարող լինել, եթե մենք գնանք իշխանափոխության ճանապարհով, մենք դեռ այն պետությունը չենք, որպեսզի իշխանափոխության ճանապարհով ինչ-որ մի բանի հասնենք: Երբ կլինենք ամուր, ուժեղ պետություն, այն ժամանակ երևի կարելի է խոսել նաև իշխանափոխության մասին»: