Նիկոլ Փաշինյանը՝ Պավլիկ Մանուկյանի հայտնի հեռախոսազրույցի մասին
Այսօր Ազգային ժողովում 168.am-ը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյոք իրենք այսօր մասնակցելո՞ւ են «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքին, որն ուղղված է Ժիրայր Սէֆիլյանի դատավճռի դեմ:
Ի պատասխան՝ Ն. Փաշինյանն ասաց, որ ինքն այսօր մարզ պետք է գնա. «Բացի այդ՝ մենք ասել ենք, որ մեզ համար այս ընթացիկ պրոցեսը պետք է լինի որևէ բռնությունը բացառող պրոցես, բայց այս ընթացքում ճակատի անունից տարբեր հայտարարություններ են հնչում, ու, կարծում եմ՝ մինչև միասնական դիրքորոշում չորդեգրի ճակատն այս հարցում, թեման կմնա առկախված»:
Խոսելով Ժ. Սէֆիլյանի դատավճռի մասին՝ Ն. Փաշինյանն սաց, որ դա «Սերժ Սարգսյանի ստեղծած ստահոդ դատական համակարգի ստահոդ վճիռն է»:
Ինչպես հայտնի է, հրապարակվել են «Սասնա ծռերի» հեռախոսազրույցների սղագրությունները, ըստ որոնց՝ Պավլիկ Մանուկյանն ասել էր. «Զուրաբյանին ու Նիկոլին մի լսեք, ասի՝ զիբիլի վեդրո ճարեք՝ Նիկոլին գցեք մեջը: Մի բան տվեք գանգին՝ չերևա»:
Խոսելով Պ. Մանուկյանի այս հայտարարության մասին՝ Ն. Փաշինյանն ասաց. «Ինձ հետաքրքիր է՝ Պավլիկ Մանուկյանը Սերժ Սարգսյանի մասին իր հեռախոսազրույցներում ոչինչ չի՞ ասել, ինչի՞ չեն հրապարակում: Ես առաջարկում եմ՝ Սերժ Սարգսյանի մասին ասվածը հրապարակվի, որից հետո կանդրադառնանք իմ մասին ասվածին»: