ԵՄ-ի գագաթնաժողովը Թուրքիայից պահանջել է դադարեցնել ապօրինի գործողությունները Կիպրոսի ջրատարածքում
Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները Թուրքիայից պահանջել են դադարեցնել անօրինական գործողությունները Կիպրոսի ու Հունաստանի ջրատարածքում: Այդ մասին, ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, ասված է ԵՄ-ի՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ:
«Գագաթնաժողովը վճռականորեն դատապարտում է Թուրքիայի շարունակվող անօրինական գործողությունները Միջերկրական ու Էգեյան ծովերում եւ ընդգծում է իր լիակատար համերաշխությունը Կիպրոսի ու Հունաստանի հետ: Գագաթնաժողովը կոչ է անում անհապաղ դադարեցնել այդ գործողությունները եւ հարգել իր բնական ռեսուրսները հետազոտելու եւ շահագործելու Կիպրոսի իրավունքը՝ եվրոպական ու միջազգային իրավունքին համապատասխան»,- նշվում է փաստաթղթում:
ԵՄ-ի ղեկավարները Անկարային հիշեցրել են «միջազգային իրավունքը հարգելու, ինպես նաեւ Եվրամիության անդամ բոլոր երկրների հետ հարաբերությունները նորմալացնելու» նրա պարտավորությունների մասին, «ներառյալ Կիպրոսի Հանրապետությունը»: Բացի այդ, «ԵՄ-ի գագաթնաժողովը լուրջ անհանգստություն է հայտնել Թուրքիայում ԵՄ-ի քաղաքացիների ձերբակալումների կապակցությամբ» եւ պահանջել է արագորեն «դրական լուծում տալ բոլոր այդ հարցերին»: