«Մեզ հասցեագրվող բողոքները վկայում են, որ այստեղ դեռ անելիքներ կան». Արման Թաթոյան
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն և սոցիալական ներառում․ հաշմանդամության իրավահենք մոտեցման քննարկումը» միջոցառման ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների գծով փաստաբան Ջոն Վոդաչը նշեց, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման» մասին օրենքի նախագիծը համակողմանի և լավ ներկայացնում է, թե որոնք են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, ինչպիսին պետք է լինեն դրանք:
«Սա օրենք է, որից կշահեն ՀՀ բոլոր քաղաքացիները, ոչ միայն հաշմանդամություն ունեցող մարդիկ, այլև ողջ երկիրը, այն հնարավորություն կտա օգտագործել մինչ այժմ չօգտագործված մարդկային ռեսուրսները և կնպաստի երիտասարդների ներուժի օգտագործմանը։ Կարելի է այնպես անել, որ դա չստեղծի ֆինանսական կամ այլ լրացուցիչ բեռ: Եթե դուք լայն դուռ եք կառուցում, անպայման չէ, որ այն ավելի թանկ արժենա, քան նեղ դուռը, սա նշանակում է՝ միանգամից լայն դուք կառուցելով՝ դա անում եք ծախսարդյունավետ ձևով: Երբ արդեն ունեք չափորոշիչները, պետք է ապահովեք, որ ճարտարապետները, շինարարները, նախագծողները հասկանան օրենքը և նրա պահանջները, դա ենթադրում է նաև համապատասխան ուսուցում»։
Փաստաբանը նկատեց՝ երբ շենքը կառուցվում է և մատչելի է լինում, այն ծառայելու է մի քանի սերունդների, հնարավորություն է տալու հաշմանդամություն ունեցող մարդկանց ՝ օգտվել այդ շենքից. «Մենք ունեինք պատերազմի վետերաններ, ովքեր հաշմանդամություն ունեին, դա մեր հարգանքի դրսևորումն էր, որ իրենց համար մատչելիություն էինք ապահովում, հուսով եմ՝ այս օրենքը կանցնի երկրորդ փուլ, և նրանք ականջալուր կլինեն մեր առաջարկներին»։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ մի քանի շեշտադրումներով առանձնացրեց այն հարցերը, որոնք պետք է լինեն այս ոլորտում ուշադրության առարկան.
«Մենք ոլորտում ունենք ձեռքբերումներ, բայց նաև ունենք խնդիրներ։ Կարևոր է ֆիզիկական միջավայրի մատչելիության ապահովումը․ դեռ ամբողջովին հարմարեցված չեն ճանապարհները, շենքերը, խոսքը թե հին շենքերի մասին է, որոնք կառուցվել են նախքան համապատասխան պահանջների առկայությունը, թե նոր շենքերի։ Հաճախ ֆիզիկական միջավայրի մատչելիությունը սահմանափակվում է միայն թեքահարթակների առկայությամբ, առանց հաշվի առնելու հաշմանդամության բոլոր տեսակները, օրինակ՝ տեսողության խնդիրները։ Փոխադրամիջոցների մատչելիությունն է շատ կարևոր, որի նպատակով տրանսպորտային միջոցների ուղեսրահներում, օրինակ՝ պետք է լինեն ավտոբուսի կանգառման մասին նախազգուշացնող սեղմվող կոճակներ, որոնք կարող են օգտակար լինել խոսքի դժվարություններ ունեցող անձանց համար։ Շատ կարևոր է տեղեկությունների և հաղորդակցության մատչելիությունը»։
Թաթոյանը նկատեց՝ կրթության իրավունքի հարցում նույնպես անելիքներ կան. «Առկա է շենքային պայմանների խնդիրը, կրթական ծրագրերի հարմարեցման հարցը։ Այսօր միակ հարմարություններ ունեցող բուհը համարվում է Ամերիկյան համալսարանը, բայց պետք է շարունակական աշխատանք տանել։ Կարևոր է աշխատանքի և զբաղվածության հարցը, որը ևս պետք է համակարգային լուծում ստանա։ Հաշմանդամության խմբերի սահմանման ոլորտում նույնպես կան խնդիրներ, իհարկե, այստեղ ունենք կարգավորումներ և պրակտիկա, բայց մեզ հասցեագրվող բողոքները վկայում են, որ իսկապես այստեղ դեռ կան անելիքներ։ Սրանք խնդիրների մի մասն են։ Այս ոլորտը պահանջում է համատեղ աշխատանք»։