«ԱԺ-ն ընդունել է օրենք, որը ողջունում եմ, բայց օրենքը բավարար չէ». Մաթիաս Քիսլեր
Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերն այսօր «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն և սոցիալական ներառում․ հաշմանդամության իրավահենք մոտեցման քննարկումը» միջոցառման ժամանակ հիշեց, թե 40-50 տարի առաջ ինչպես էին Գերմանիայում խտրականություն դրևսորում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ։
«Երբ ես երիտասարդ էի, շատ ընդունված էր, որ մենք խտրականություն կիրառեինք հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ։ Ես հիշում եմ, թե դաունի սինդրոմով երեխաների նկատմամբ ինչպիսին էր վերաբերմունքը․ այդ ժամանակ ծնողներն իսկապես ամաչում էին թույլ տալ, որպեսզի երեխաները դուրս գան տնից, որովհետև նրանք վախենում էին, որ այլ երեխաները կծաղրեն իրենց երեխաներին։ Դա ընդամենը 40-50 տարի առաջ էր։
Ընդամենը 50 տարի առաջ էր, որ գերմանական Բունդեստագն ընդունեց օրենք, որը նպատակ ուներ բացառել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականությունը։ Ժամանակի ընթացքում շատ բաներ են փոխվել, բայց դեռ շատ բան կա անելու»,- ասաց դեսպանը։
Քիսլերը խոսեց իր փորձառության մասին, որովհետև կարծում է, թե հիմա Գերմանիայի բնակչության մեծ մասը հասկացել և գիտակցում է, որ բոլորի համար է օգտակար, որպեսզի հասարակությունում ավելի լավ ինտեգրեն հաշմանդամություն ունեցող մարդկանց։
Ինչ վերաբերում է Հայաստանին, դեսպանն ասաց, որ անձամբ այցելել է մի շարք հաստատություններ, որտեղ խնամում են հաշմանդամություն ունեցող անձանց, և քաջալերվել է՝ տեսնելով այն անձանց, ովքեր աշխատում են այս ոլորտում. «Բայց քաղհասարակության կողմից ներգրավումը շատ կարևոր խնդիր է։ Հավասարապես կարևոր է տեսնել պաշտոնյաների և կառավարության դերակատարությունն այդ գործում։ Հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումն ու ներառումը չպետք է կախված լինի որոշ հասարակական կազմակերպությունների պատրաստակամությունից և ներգրավումից։
Սա կարևոր է ամբողջ հասարակության համար, սա կառավարության ու խորհրդարանի խնդիրն է։ Սրա մասին խոսելիս՝ նկատի ունենք իրավական դաշտը, որը հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն իրականացնել։ ԱԺ-ն ընդունել է օրենք, որը ողջունում եմ, բայց օրենքը բավարար չէ, անհրաժեշտ է, որ հասարակությունը պատրաստ լինի դրան»։