«ԵՄ-ն պատրաստ է անհրաժեշտ աջակցություն տրամադրել Հայաստանի իշխանություններին». Պյոտր Սվիտալսկի

«Այն փաստը, որ ՀՀ կառավարությունը պատրաստել է այս՝ առաջին համալիր, համակողմանի և մարդու իրավունքների վրա հիմնված օրինագիծը հաշմանդամություն ունեցող անձանց համար, շատ լուրջ քայլ է։ Այն ոչ միայն արտացոլում է միջազգային պարտավորություններն ու հանձնառությունները, որ ստանձնել է Հայաստանը, այլ նաև արտացոլում է արժեքների ընդհանրությունը։ Այս օրենքը եվրոպական արժեքների մարմնավորումն է»,- այսօր  «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն և սոցիալական ներառում. հաշմանդամության իրավահենք մոտեցման քննարկումը» միջոցառման ժամանակ այս մասին ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Դեսպանն ընդգծեց՝ ԵՄ-ի հիմքում ընկած արժեքներից մեկն այն է, որ չի կարող լինել երկրորդ կարգի քաղաքացի. «Այս պարզ սկզբունքն արտացոլված է մեր հիմնարար իրավունքների խարտիայում, որը պարունակում է շատ հստակ դրույթներ, որոնք կիրարկվում են ոչ միայն ԵՄ անդամ պետությունների կողմից, այլ նաև այն երկրների կողմից, ովքեր ձգտում են ավելի սերտ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ։ Այդ իսկ պատճառով ես շատ ուրախ եմ, որ վերջերս ստորագրված ՀՀ-ԵՄ համաձայնագիրը շատ հստակ ձևակերպումներ ունի այս ոլորտում մեր համագործակցության մասին»։

Նա նշեց, որ այս ուղղությամբ աշխատանքը կախված է ոչ միայն լավ օրենքից, այլև այդ օրենքի՝ իրական կյանքում կիրարկումից, որը, ըստ դեսպանի՝ լուծումն ու բանալին է.

«ԵՄ-ն պատրաստ է անհրաժեշտ աջակցություն տրամադրել Հայաստանի իշխանություններին՝ որպես մեր համաձայնագրի իրականացման և կիրարկման մեխանիզմ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու այլ մարմիններին մենք կարող ենք հնարավորություն տալ օգտվել հնարավոր գործիքներից։ Կարող եմ բաց հայտարարել, որ կառավարության մեր հայ գործընկերների հետ երեկ քննարկել ենք մարդու իրավունքների բյուջետային աջակցության գործիքի կիրառումը, որը պարունակում է շատ լուրջ ծավալներ, որոնք ուղղված են կոնկրետ նախագծերին և ծրագրերին, հաշմանդամություն ունեցող երեխաների հատուկ կարիքներին»։

Դեսպանի խոսքով՝ անհրաժեշտ է, որպեսզի հասարակությունը դառնա զգայուն և գիտակցի հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները.

«Մեր հասարակությունների 15 տոկոսը կարիքներ ունեցող մարդիկ են, և դա նորմալ է, նրանք ունեն իրավաչափ տեղ հասարակություններում և ունեն իրավունք արժանանալու հավասար վերաբերմունքի ցանկացած ոլորտում։

Մարդիկ, որոնք ունեն հատուկ կարիքներ, երբեմն տեսնում են, որ աշխարհը լիովին այլ է, և դու չես կարողանում ազատ շարժվել, ոտքերդ ու ձեռքերդ չեն աշխատում, և հանկարծ գիտակցում ես, որ աշխարհը լրիվ այլ տեսք ունի։ Ես դրանում համոզվել եմ իմ ապրումակցման դասով, որը չեմ ցանկանում որևէ մեկին, բայց ուզում եմ՝ բոլորս գիտակցենք, թե ինչքան կարևոր է, որ հասարակությունն ունենա այդ զգայունությունը»։

Տեսանյութեր

Լրահոս