«Ժիրոյին ուժ ու կորով եմ ցանկանում. էդ հերոսները դուրս կգան». Գուրգեն Եղիազարյան

«Ինձ հետաքրքիր չէ՝ «Ելքում» ինչ է կատարվում, ասենք, ինձ «Ելքը» հետաքրքիր է Սասուն Միքայելյանով, իսկ այնպես հետաքրքիր չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Նրա համոզմամբ՝ պարզ է՝ «Ելքում» ով՝ ինչ է անում, ինչի համար է անում և ում դրդմամբ կանի. «Ասենք, մեկի անունն անընդհատ տալիս են, ասում են՝ ընդդիմադիր է, դրա մասին անգամ չեմ էլ ուզում խոսել»:

Լրագրողի ճշտող հարցին, թե խոսքը Նիկոլ Փաշինյանի՞ մասին  է՝ Գ. Եղիազարյանը պատասխանեց, որ նկատի ունի Էդմոն Մարուքյանին. «Նրանց գործողությունները, ծրագրերը հետաքրքիր չեն»:

Գ. Եղիազարյանը որևէ բան ապրիլին «Ելքի» կողմից չի սպասում. «Մի ձեռք կա, որ ուղղորդում էր «Էլեկտրիկ-Երևանը», «ո՛չ 200 դրամի» շարժումը, Նորքի ահաբեկչական խումբը: Ձեռք կա, որ կարող է մտնել տարբեր տեղեր և իր համար իր ծրագրով գոլորշի բաց թողնի: Եթե ինչ-որ մի բան պետք է լինի ապրիլի մեջ, ապա պետք է լինի համահայկական, ոչ թե՝ «Ելք». «Ելքը» ի՞նչ պետք է անի»:

Կարդացեք նաև

Խոսելով վերջին դատավարությունների մասին՝ Գ. Եղիազարյանն ասաց, որ Սամվել Բաբայանն ազգի երեք հերոսներից մեկն է, որն այսօր բանտում է. «Այնտեղ թուրքերը զորավարժություններ են անում, Նախիջևանում կուտակվել է գյուրզան, իսկ մեր ազգի հերոսը բանտում է գտնվում: Սա է մեր իրականությունը: Ժիրայր Սէֆիլյանի հանդեպ կատարվեց այն, ինչ ամեն օր կատարվում է ՀՀ-ում: Ես չեմ զարմանում, Ժիրոյին ուժ ու կորով եմ ցանկանում, որ դիմանա, այս ամեն ինչն այսքան չի մնա: Դրա համար եմ հանգիստ խոսում, էդ հերոսները դուրս կգան»:

168.am-ի հարցին՝ ինչպե՞ս դուրս կգան, Գ. Եղիազարյանն այսպես պատասխանեց. «Տեսնենք՝ ինչպիսի զարգացումներ կլինեն: Եթե իշխանափոխությունը մեղմ չկատարվի, էս մարդը չասի՝ բավական է, ուրեմն՝ ի վերջո, մի 4-5 ամիս կտևի, հայ ժողովուրդը դիմանալու ռեսուրս չունի»:

Տեսանյութեր

Լրահոս