«Եթե լուրջ փոփոխություն լինի, և նոր վարչապետ ունենանք, մենք կարող ենք խուսափել պատերազմից». Գուրգեն Եղիազարյան
«Մեր տարածաշրջանում ողջ սահմանը եփվում է, և ազերիները որոշեցին ցույց տալ իրենց մկանները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ադրբեջանի կազմակերպած զորավարժությունների մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանն առաջին անգամ զորավարժությունների դուրս բերեց 25 հազար հետևակային. «Մեր սահմանի վրա ավելի քան 32 հազար զինվոր են տեղադրել: Ազերիներն այս անգամ զորավարժություններին մասնակից դարձրեցին 250 տանկ, այդ առումով միգուցե աննախադեպ էր, ցանկանում էին ցույց տալ՝ ինչի են ընդունակ: Հայտնի է, որ զորավարժություն անողն իր վերջին ուժերը ցույց չի տալիս, դրա համար պետք է հաշվարկենք, թե լայնամասշտաբ հարձական դեպքում ինչ է լինելու: Չեմ կարծում, որ այդ հարձակումը կլինի»:
Գ. Եղիազարյանը հարձակման հնարավորություն տեսնում է ՀՀ-ում ապրիլին սպասվող փոփոխությունների հետ. «Ավելի քան վստահ եմ, որ, եթե լուրջ փոփոխություն լինի, և նոր վարչապետ ունենանք, մենք կարող ենք խուսափել պատերազմից: Այո, բանակցային գործընթացներ կոչվածը փակուղի է մտել: Չկա այն բարի կամքը, որ կբերի այդ երկու ժողովուրդներին որոշակի հանգրվանի: Ավելի զազրելի են դառնում Ադրբեջանից հնչած այն հայտարությունները, որ պետք է ամբողջը վերցնեն: Պետք է լրջագույն հետևություններ անենք այս ամենից: Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ մենք պատրաստ չէինք»:
168.am-ի դիտարկմանը, թե կարծես արդեն հստակեցվում է, որ Սերժ Սարգսյանն է առաջադրվելու վարչապետի պաշտնում, քանի որ իր վերջին հարցազրույցում նա չբացառեց այդ հանգամանքը՝ Գ. Եղիազարյանը պատասխանեց, որ ոչինչ էլ չի հստակեցվում.
«Ես չեմ հավատում, որ մարդն ի լուր աշխարհի հայտարարի… Ի վերջո, նա հո միջնակարգ դպրոցի տեսուչ չէ՞, երկրի նախագահ է: Ինչպես ինքն է ասում՝ բազմամյա փորձով մի մարդ է, որը հաշվել է, թե 2040 թվին մենք քանի միլիոն կլինենք: Բա այդ մարդը երբ հայտարարում էր, որ ինքը երբեք չի դառնա վարչապետ, նախագահ չի դառնա, որ չի կարելի երրորդ անգամ լինել, ո՞նց կարող է նման բան ասի: Ուրեմն՝ էդ մարդը տարի ու կես չէր հաշվել, հա՞: Ես չեմ հավատում. էդ մարդը խոստացել է, չի դառնա: Ես իր առաջին հայտարարությունն եմ հիմք համարում, երբ ի լուր աշխարհի հայտարարեց»: