
Լուկաշենկոն պաշտոնական այցով ժամանում է Վրաստան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 22-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանում է Վրաստան: Այդ մասին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը:
Ներկայիս այցը կդառնա Լուկաշենկոյի երկրորդ պաշտոնական այցը այդ երկիր. առաջինը կայացել է 2015 թվականի ապրիլին:
Այցի ծրագրով պլանավորված են Լուկաշենկոյի բանակցությունները Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ: Նախատեսվում է, որ պետությունների ղեկավարները կքննարկեն առեւտրատնտեսական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: Կարծարծվեն նաեւ քաղաքականության բնագավառում համագործակցության հարցերը, միջազգային հարթակներում երկրների շփումները, աշխարհի ու տարածաշրջանի իրադրությունը: Բանակցությունների արդյունքում ծրագրվում է ստորագրել մի շարք փաստաթղթեր:
Ինչպես ճշտել է վրացական պետության ղեկավարի վարչակազմը, նախագահները հանդիպումներ կանցկացնեն դեմառդեմ եւ ընդլայնված ձեւաչափով: Բացի այդ պլանավորված են Լուկաշենկոյի հանդիպումները Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Միաժամանակ Թբիլիսիում կանցկացվեն Մինսկի օրերը (մարտի 21-23-ին) եւ վրաց-բելառուսական գործարար համաժողովը (մարտի 22-ին), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: