«Երեք կուսակցություններում էլ կոնսենսուս կա, որ պայքարեն Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ». Սասուն Միքայելյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանն ամեն ինչից էլ տեղյակ է ու կողմ է իրենց նախաձեռնած քաղաքական շարժմանը:
Լրագրողի դիտարկմանը, թե մամուլում լուրեր են շրջանառվում, որ Ս. Միքայելյանը դեմ է եղել նույն կուսակցության անդամ ու խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի առաջարկած ճանապարհային քարտեզին, ու միջադեպ է եղել նույնիսկ դրա վերաբերյալ՝ Ս. Միքայելյանն այսպես պատասխանեց. «Որևէ միջադեպ չի եղել, կարող էր լինել տարաձայնություն, տարակարծություն, որը հարթվում է, մեր դաշինքի հզորությունը հենց դա է, սակայն տարակարծություն էլ չի եղել»:
Ս. Միքայելյանի խոսքով՝ «Ելք» դաշինքի երեք ուժերի մեջ կոնսենսուս կա, այն է, որ Սերժ Սարգսյանը պիտի երրորդ անգամ չվերընտրվի, չդառնա վարչապետ, սակայն տարակարծությունը ճանապարհային քարտեզի շուրջ է:
Հարցին՝ «Հանրապետություն» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները ՔՊ-ին փողոցում մենա՞կ են թողնում, Ս. Միքայելյանն այսպես պատասխանեց. «Ի՞նչ է դա նշանակում, ես էլ կարող է փողոցում այդքան ակտիվ չլինեմ՝ առողջական պատճառներից ելնելով, բայց դա չի նշանակում՝ միայնակ թողնել»:
Լրագրողի հարցին էլ, թե ո՞րն է դաշինքում գտնվելու իմաստը, եթե մի կուսակցություն մի ուղի է բռնում, մյուսները դրան չեն աջակցում, Ս. Միքայելյանը պատասխանեց. «Տարբեր ուղի չկա, բայց ամենակարևորը՝ երեք կուսակցություններում էլ կոնսենսուս կա, որ պայքարեն Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ: Ժամանակի ընթացքում կարող են 3-ն էլ միանալ»:
Պատգամավորը նկատեց, որ միշտ ընդդիմադիր տարբեր ուժեր քայլեր են արել՝ առանց մտածելու, թե ինչ արդյունք կտա հետագայում, իսկ իրենք տարբեր ուղղվածությամբ են քայլեր անում, հետո կարող է՝ միանան. «Մեկն ասել է՝ մի ուղղությամբ ենք գնում, բոլորն ասել են՝ կողմ ենք, ու վերջում նրանք անհաջողության են հասել: Իսկ մենք տարբեր ուղղությամբ, մեր հիմնական նպատակից չշեղվելով՝ գնում ենք»:
Իսկ թե արդյոք այդ ուղին տանելո՞ւ է իշխանափոխության, Ս. Միքայելյանը գտնում է՝ ժամանակը ցույց կտա. «Իշխանափոխություն՝ չի նշանակում, որ այսօր գոռամ, ասեմ՝ գնում ենք իշխանափոխության, ժողովրդին տանեմ, խաբեմ: Մենք քայլ ենք անում, որ ժողովուրդը հասկանա, դուրս գա փողոց»:
Ս. Միքայելյանը մտավախություն չունի, թե մարդկանց կարող են ավելի հիասթափեցնել: Նրա խոսքով՝ «Ելք» դաշինքը երբեք էլ չի խաբել ու չի խաբելու ժողովրդին. «Մտավախությունն այն է, որ ժողովրդին պետք է կարողանանք այս իրավիճակից դուրս բերել»: