
ԱՄՆ-ում խաղարկվել է Powerball վիճակախաղի ջեքփոթը ավելի քան 456 մլն դոլարի չափով

ԱՄՆ-ում խաղարկվել է Powerball վիճակախաղի ջեքփոթը ավելի քան 456 մլն դոլարի չափով: Այդ մասին հայտնել են վիճակախաղի կազմակերպիչները: Սա ութերորդ խոշորագույն շահումն է այդ վիճակախաղի պատմության մեջ:
Շահած մեկ տոմսը, որի տերը ճիշտ է գուշակել բոլոր վեց համարները, վաճառվել է Փենսիլվանիայի նահանգում: Գումարի հետեւից առայժմ ոչ ոք չի եկել: Կազմակերպիչների խոսքով՝ նման բան բավականին հաճախ է տեղի ունենում, քանի որ մարդիկ բնավ էլ ոչ միշտ են միանգամից իմանում շահումի մասին: Խաղի կանոնների համաձայն, աբողջ գումարը կարելի է վերցնել միանգամից կամ այն մաս առ մաս ստանալ շուրջ 30 տարվա ընթացքում: Եթե անհայտ հաջողակն ընտրի առաջին տարբերակը, ապա շահումի գումարն զգալիորեն կպակասի: Տվյալ դեպքում այն կկազմի 373,9 մլն դոլար:
Powerball-ի ջեքփոթը շահելու հավանականությունը կազմում է մոտավորապես մեկը առ 292,2 միլիոն: ԱՄՆ-ի պատմության մեջ ամենախոշոր ջեքփոթը՝ մոտավորպես 1,59 մլրդ դոլարի չափով, խաղարկվել է այդ վիճակախաղով 2016 թվականի հունվարին: Այն ժամանակ շահեց միանգամից երեք տոմս, ուստի մրցանակը հավասարապես բաժանվեց երեք հաղթողների միջեւ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: