Շարմազանովը կարևորում է իր քաղաքական փորձն ու գիտելիքները նոր սերնդին փոխանցելու Սերժ Սարգսյանի պատրաստակամությունը
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարևորում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` իր քաղաքական փորձն ու գիտելիքները նոր սերնդին փոխանցելու պատրաստակամությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահը մեկնաբանել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որում Նախագահը նշել էր՝ եթե ի վերջո որոշեն, որ վարչապետի պաշտոնում առաջադրվելու է իր թեկնածությունը, ապա ավելի շատ ժամանակ է հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին: «Քաղաքականության մեջ սերնդափոխությունը, սերունդների համերաշխությունը, փորձի փոխանցումը ավագ սերնդից երիտասարդ սերնդին շատ կարևոր է, որովհետև աշխարհի ժողովրդավարական պետություններում պետական համակարգերը միշտ կայացել են ավագ սերնդի և կրտսեր սերնդի փորձի փոխանակման միջոցով»,- նշեց Շարմազանովը:
Նրա խոսքով` որևէ մեկը մեկ օրում պատրաստի պետական առաջնորդ չի դառնում: «Ո’չ Վլադիմիր Պուտինն է մեկ օրում պետական առաջնորդ դարձել, ո’չ Ֆրանկլին Ռուզվելտը, ո’չ էլ Բարաք Օբաման: Այստեղ շատ կարևոր է տարբեր սերունդների փորձի փոխանակումը` պետական գաղափարախոսության, պետական մտածողության, պետական գործչի անելիքների, պետության առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ: Շատ կարևոր է, որ Սերժ Սարգսյանը իր ողջ քաղաքական կապիտալը, կուտակած փորձն ու իմաստությունը պատրաստ է փոխանցել նոր սերնդին»,-եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:
Tert. am-ին տված հարցազրույցում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե ապրիլին կդառնա ՀՀ վարչապետ, պատասխանել է. «Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում քաղաքական պատասխանատվություն և կառավարություն ձևավորելու լիազորություն ստանձնած Հանրապետական կուսակցության և կոալիցիոն ՀՅԴ-ի շարքերում ամենատարբեր ձևաչափերով թեման ամիսներ շարունակ քննարկվում է, թեև այդ քննարկումները դեռ չեն հասել կուսակցական-ինստիտուցիոնալ հարթակներ։ Ինձ հետ էլ արդեն բազմաթիվ գործընկերներ խոսել են։ Չգիտեմ այս քննարկումները երբ կավարտենք։ Բայց եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով ՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին։ Սա մի խնդիր է, որն այսօր չափազանց կարևոր է։ Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից»: