«Գազպրոմը» հարյուրավոր կիլոմետրերով խողովակաշարեր կոչնչացնի «Թուրքական հոսքի» պատճառով
Ռուսաստանի «Գազպրոմ» կոնցեռնը խողովակաշարեր կոչնչացնի եւ կկոնսերվացնի «Թուրքական հոսքի» կարողությունների կրճատման պատճառով (տարեկան 63-ից մինչեւ 31,5 միլիարդ խորանարդ մետր): Մարտի 19-ին այս մասին հաղորդել է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ընկերության նյութերը։
Ոչնչացման է ենթակա «Հարավային միջանցքի» արեւելյան երթուղու 506 կիլմետր գծային մաս (Պոչինիկի – Անապա) եւ «Մորշանսկայա» գազաչափիչ կայանը: Այդ գիծը գցված է Կրասնոդարի երկրամասում, Ստավրոպոլի, Վոլգոգրադի, Ռոստովի մարզերում:
Նաեւ կկոնսերվացվեն «Ռուսկայա», «Կազաչյա», «Կորենովսկայա» ճնշակային կայանների երրորդ եւ չորրորդ հերթերը: «Հարավային հոսք» նախագծի իրականացման հետ կապված անորոշ իրադրության պատճառով կոնցեռնն ընդունել է գրեթե 46 միլիարդ ռուբլի գումարի անավարտ շինարարության օբյեկտների արժեզրկումը, նշել է գործակալությունը:
«Թուրքական հոսք» խողովակաշարը կառուցվում է «Հարավային հոսքի» փոխարեն, որի շինարարությունը 2014 թվականին դադարեցվել է: Ենթադրվում է, որ «Թուրքական հոսքով» կփոխադրվի ռուսական արտահանական գազի մի մասը, որն այժմ տարանցմամբ գնում է Ուկրաինայի տարածքով: Ծովում գազատարի խողովակների տեղադրման աշխատանքները կատարվում են 2017 թվականի մայիսից: