Բաժիններ՝

ԱՄՆ-ում ինքնաթիռը շան պատճառով հարկադիր վայրէջք է կատարել

Ամերիկյան «United Airlines» ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել այն բանից հետո, երբ ինքնաթիռում շուն է հայտնաբերվել: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է ABC-ն:

Ըստ հեռուստաալիքի` պատահարը տեղի է ունեցել Նյուարկից Սենթ Լուիս թռիչքի ժամանակ: Ավիաընկերությունը շատ մանրամասներ չի հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ, միայն հայտարարել է, որ կենդանին ավելի ուշ բարեհաջող հասել է Օհայո նահանգում գտնվող տերերին, իսկ չվերթի բոլոր ուղևորները ստացել են փոխհատուցում:

Ամերիկյան հեռուստաալիքի փոխանցմամբ` սա արդեն կենդանիների հետ կապված երրորդ դեպքն է, որ անցնող շաբաթվա ընթացքում տեղի է ունենում ավիաընկերության հետ: Ավելի շուտ Նյու Յորքից Հյուսթոն թռչող ինքնաթիռում ուղևորներից մեկի շունը սատկել էր այն պատճառով, որ անձնակազմի անդամներից մեկի պահանջով դրվել էր պայուսակում և տեղադրվել ձեռքի իրերի դարակում:

Մի քանի օր հետո ավիաընկերության աշխատակիցները սխալմամբ մեկ այլ շան ուղարկել էին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո` ամերիկյան Կանզաս նահանգի փոխարեն: Ավելի ուշ արդեն ավիաընկերությունը կենդանուն բիզնես դասով ուղարկել էր տերերի մոտ՝ ԱՄՆ: Շան տերերը մտադիր են դատարան դիմել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս