«Հայաստանն այս հարցում «սպիտակ ագռավ» չէ, այդպիսի շատ երկրներ կան». Գագիկ Հարությունյան

ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը մեկնաբանել է խոսակցությունները, թե Սահմանադրական դատարանի նոր նախագահի ընտրությունը կատարվելու է Սահմանադրության խախտմամբ: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում լրագրողների հետ զրույցում Գագիկ Հարությունյանը կոչ արեց այդ հարցն ուղղել Ազգային ժողովին, քանի որ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը տեղի է ունենալու Ազգային ժողովում:

«Ես այլևս Սահմանադրական դատարանի նախագահը չեմ, սակայն Սահմանադրական դատարանի անդամ եմ, իմ լիազորությունները կավարտվեն մի քանի օրից` մարտի 23-ից: Իսկ ընտրությունների ընթացակարգին, Սահմանադրական դատարանին և Ազգային ժողովին առնչվող խնդիրներին չեմ ցանկանում անդրադառնալ»,- նշեց Հարությունյանը:

Հարցին` ի սկզբանե նախատեսվա՞ծ էր, որ հենց այդպես է լինելու, Գագիկ Հարությունյանն ասաց, որ օրենքով է այդպես. «Եթե դուք ուշադրություն դարձնեք Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքին, այնտեղ հստակ նախատեսված է ընթացակարգը»:

Դիտարկմանը, թե դա ՍԴ նոր նախագահին թույլ կտա պաշտոնավարել մինչև թոշակի անցնելը, մինչդեռ նոր Սահմանադրությունը նախատեսում է, որ ՍԴ նախագահը ընտրվելու է 6 տարի ժամկետով, ՍԴ նախկին նախագահն ասաց. «Ամեն ինչ իրականացվում է օրենքի հիման վրա, և ես չեմ ցանկանում այդ հարցի վերաբերյալ մասնավոր կարծիք արտահայտել»:

Կարդացեք նաև

Գագիկ Հարությունյանը հավելեց, որ տարբեր երկրներում Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության տարբեր եղանակներ կան, որոնցից մեկը ՍԴ նախագահի անփոփոխելիությունն է մինչև թոշակի անցնելը:

«Հայաստանն այս հարցում «սպիտակ ագռավ» չէ, այդպիսի շատ երկրներ կան: Ռեկորդակիրն այս հարցում Ավստրիայի Սահմանադրական դատարանի նախկին նախագահն էր, ով պաշտոնավարել է 27 տարի: Երկրներ կան, որոնք կարճ ժամանակով են նախատեսում` մինչև 7 տարի, մինչև 6 տարի: Շատ հաճախ անցումային շրջանում երկար պաշտոնավարումն ավելի արդյունավետ է լինում, որովհետև աստիճանաբար հնարավոր է լինում որոշակի ավանդույթներ ձևավորել, կոլեկտիվում որոշակի մթնոլորտ ձևավորել:

Երբ մենք փոխում էինք Սահմանադրությունը և անցնում էինք այս նոր համակարգին, ես ունեի որոշ մտավախություններ` չնայած եվրոպական երկրները դա քաջալերում էին: Ես տեսնում էի, որ հեռանկարում դա իրեն կարող է արդարացնել, բայց նաև կոլեկտիվում կարող է մի փոքր լարված մթնոլորտ ստեղծել, իսկ դա կարող է խոչընդոտել, որովհետև 9 անկախ մարդ հավաքվում են մի սենյակում և որոշումներ են կայացնում: Լրագրողներից որևէ մեկը տեղյակ չի, թե այդ սենյակում ինչ է կատարվել, ինչ վեճեր են եղել:

Մենք որոշումների զգալի մասը ընդունել ենք ոչ միաձայն, մեծ դեբատների արդյունքում: Իմ սկզբունքը եղել է կոլեկտիվ մթնոլորտը չխաթարելը: Եթե որևէ մեկը որևէ հարցադրում է անում, փորձել մինչև վերջ քննարկել, իսկ դրա համար իմ այս երկար տարիների աշխատանքը իր արդյունավետությունն ունեցել է»,- պարզաբանեց ՍԴ նախկին նախագահը:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի նոր նախագահի ընտրությունը կատարվելու է Սահմանադրության խախտմամբ, քանի որ նոր Սահմանադրությամբ ՍԴ նախագահը պետք է ընտրվի 6 տարի ժամկետով, սակայն ՍԴ ապագա նախագահը, որի ընտրությունը խորհրդարանում տեղի կունենա առաջիկա օրերին, պաշտոնավարելու է մինչև թոշակի անցնելը, քանի որ Սահմանադրության անցումային դրույթները ուժի մեջ են մտնելու 2018թ. ապրիլի 9-ից:

Տեսանյութեր

Լրահոս