Թուրքիան ոչինչ չսովորեց. արձանագրությունների վերաբերյալ Անկարայի առաջին արձագանքը կրկին նախապայմանների լեզվով է
Պաշտոնական Անկարան առաջին արձագանքն է տվել հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը: Այս արձագանքը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու այն պարզ ճշմարտությունը, որ թուրքական կողմը մշտապես հեռու է եղել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու անկեղծ ցանկությունից:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, խնդրին Բաքվում արձագանքել է Թուրքիայի փոխարտգործնախարար Ահմեթ Յըլդըզը՝ հերթական անգամ իր խոսքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորելով ղարաբաղյան հակամարտության լուծմամբ:
Անդրադառնալով ցյուրիխյան արձանագրությունների մասին հնչեցված հարցին՝ փոխնախարարն ասել է. «Դա նրանց գործն է: Միևնույնն է՝ այս տարիների ընթացքում նրանք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու հարցում դժկամություն են ցուցաբերել»:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 1-ին հրավիրած Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին:
Նա հանձնարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին ծանուցել Թուրքիայի Հանրապետությանը: