«Շարմազանովը չգիտի՞՝ որ երկրում է ապրում». ԱԺ նախկին փոխնախագահ

«Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու համար սոցիալ-քաղաքական հիմքեր արդեն վաղուց կան»,- այսօր հրավիրած քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ Կարապետ Ռուբինյանը:

Նրա խոսքով՝ եթե իշխանափոխության համար հիմքեր չլինեին, նման համատարած դժգոհություն և ատելություն չէր լինի այսօրվա իշխանությունների նկատմամբ, չէր լինի «Սասնա ծռերի» ապստամբությունը. «Մեր խնդիրն է՝ այդ ժողովրդական դժգոհությունը վերածել ընդվզման, որովհետև մեր երկրում արդեն քանի տարի է՝ ընտրությունների միջոցով իշխանափոխություն չի լինում, ուրմեն՝ կարող է լինել միայն ընդվզման միջոցով: Սերժ Սարգսյանը, որը 10 զոհերի գնով եկավ իշխանության, որոշել է 3-րդ ժամկետով իշխել մեզ, որի համար որևէ հիմք չունի, որևէ դրական զարգացում երկրում չի արձանագրվել: Նահանջը բոլոր ոլորտներում զուգորդվում է նրանով, որ այդ բոլորի հեղինակը կամ հեղինակները փորձում են ամեն ձևով մնալ իշխանության, ինչը մենք հանդուրժել չենք կարող»:

Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, խոսելով ընդդիմադիրների իշխանափոխության կոչերի մասին, ասել էր, որ իշխանափոխություն տեղի է ունենում միայն ընտրությունների միջոցով, առաջիկայում չկան ընտրություններ, և իշխանափոխությունը դնել հասարակական, քաղաքական օրակարգում, մեղմ ասած, անտրամաբանական է:

Անդրադառնալով Է. Շարմազանովի այս հայտարարությանը՝ Կ. Ռուբինյանն ասաց. «Պարոն Շարմազանովին պետք է մի պարզ հարց տալ, եթե իշխանափոխությունը տեղի է ունենում ընտրությունների միջոցով, ինչո՞ւ մինչև հիմա իշխանափոխություն տեղի չի ունեցել Հայաստանում ընտրությունների միջոցով: Շարմազանովը չգիտի՞՝ որ երկրում է ապրում, և որ երկիրն է ապականվում իր բարբաջանքով: Ես կարծում եմ՝ շատ լավ գիտի»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս