Բաժիններ՝

«Ես քաղաքականության մասին եմ ուզում խոսեմ». Մարինե Պետրոսյանը՝ իր մանիֆեստի մասին

Մարինե Պետրոսյանը մանիֆեստ է գրել: Ասում է, որ սա միայն սկիզբն է մեծ վեպի, որ արդեն սկսել է: «Իմ մանիֆեստը» բաղկացած է երկու մասից: Այն լավագույն կերպով ընկալելու համար պետք է ընթերցել առաջին մասից հետո ընդմիջելով «Կեղծ տեսադաշտ» տեսաֆիլմով, որ հավաքված է Արագածոտնի մարզի Արալանջ գյուղում իր կողմից արված լուսանկարներից և ըստ հեղինակի՝ անմիջական կապ ունի մանիֆեստի բովանդակության հետ:

Այսպիսով՝

ԻՄ ՄԱՆԻՖԵՍՏԸ

Ա

Կարդացեք նաև

Ես Մարինեն եմ,

Մարինե Պետրոսյանը,

ինձ Հայաստանում շատերն են ճանաչում

որովհետև ես տեքստեր եմ գրում,

ու նաև՝

որովհետև իմ գրած տեքստերի հետքերով

ինձ հաճախ հրավիրում են հեռուստատեսություն

խոսելու իմ ու ձեր կյանքից։

Գրածներս սկզբում, երկար տարիներ, միայն բանաստեղծություն էին,

հետո դրան ավելացան նաև քաղաքական հոդվածները,

սկզբում էդ երկուսը առանձին էին ու տարբեր՝

իմ բանաստեղծությունները և իմ քաղաքական հոդվածները,

հետո վերջին տարիների ընթացքում դրանք կամաց-կամաց մոտեցան իրար,

ու մեկ էլ հանկարծ լրիվ միացան՝

իմ «Զրույց բարձրաձայն» շարքում։

«Զրույց բարձրաձայնը» սկսվում ա սենց՝

Ձմեռ ա, ձյուն ա,

մի քանի օրից Նոր տարի ա գալիս,

Լևոնն ասում ա հաշտություն կնքենք,

թե չէ պատերազմ կլինի։

Մի հիմնական մասով

«Զրույց բարձրաձայնը» բանավեճ ա Տեր-Պետրոսյանի հետ,

նաև արցախյան խնդրի լուծման հարցում

Տեր-Պետրոսյանի սկզբունքները պաշտպանող ընկերներիս հետ,

ու իրանցից ոմանք ջղայնացան, որ ես քաղաքական բանավեճը

որպես բանաստեղծ եմ վարում,

իրանց համար բանաստեղծությունը պատին կախելու նկարի պես բան ա՝

նայես հիանաս /կամ ոչ/,

իսկ իմ համար բանաստեղծ լինելը վաղուց արդեն էն ա, ինչը հայերեն բառի մեջ կա՝

բան ա ստեղծ՝ բան ստեղծող,

մի բան որը առաջ չկար ու հիմա կա,

կա ոչ թե որպես պատին կախելիք,

այլ որպես մի բան որով կյանքն արդեն ուրիշ ա։

Դրա համար էլ իմ գրածների անունը

ես վաղուց արդեն բանաստեղծություն չեմ դնում,

ասում եմ՝ տեքստ,

ես տեքստեր եմ գրում որ բան ստեղծեմ,

բան որ առաջ չկար,

ես հենց դրանով եմ բանաստեղծ։

Մի ժամանակ ես վստահ էի,

թե քաղաքական գործիչներն են փոխելու Հայաստանը,

թե քաղաքական գործիչներն են ստեղծելու նոր Հայաստան,

ու ջղայնանում էի իրանց վրա, որ չեն կարողանում,

հետո հասկացա որ չէ, ջղայնանալ պետք չի,

իրանք չեն պատկերացնում էդ նոր Հայաստանը, էլ ո՞նց ստեղծեն,

էդ ես պետք ա անեմ, էդ ես պետք ա կարողանամ անեմ,

եթե ես բանաստեղծ եմ։

Ստեղծեմ նոր Հայաստանը,

ստեղծեմ նախ իմ տեքստերում,

որ հետո տեքստերս իջնեն քաղաք։

Բ

(«Կեղծ տեսադաշտ»)

Էս տեսանյութում դուք տեսնում եք իրական պատկերներ,
դրանք կան, ես դրանք նկարել եմ մեր հողամասում՝

Արալանջ, Արագածոտնի մարզ։

Ես լուսանկարներ անել շատ եմ սիրում,

քանի որ դրանք լի են անակնկալներով։

էս անգամ էլ, մութն ընկնելուն մոտ էր արդեն,

պետք ա էդ օրը Երևան վերադառնայինք,

արագ-արագ նկարեցի, վազեցի իրերս հավաքելու,

ու մենակ ճանապարհին, մեքենայում,

սկսեցի հեռախոսի մեջ թերթել արած նկարներս,

թերթեցի ու… ապշեցի…

էս ի՞նչ ա․․․

էս ի՞նչ են էս կողպեքները, ցանցերը, դարպասները,

ախր դրանք դատարկության մեջ են կանգնած,

ախր դրանք ոչ մի բան չեն կողպում, ոչ մի բան չեն փակում․․․

Թե՞ փակում են։

Ո՞նց չեն փակում, դրանք փակում են տեսադաշտը,

դրանք ստեղծում են կեղծ տեսադաշտ։

Մեզ թվում էր՝ գլխավորը Սովետի քանդվելն ա,

Սովետը կքանդվի, կկառուցենք մեր ուզած Հայաստանը,

Սովետը քանդվեց, բայց մեր ուզած Հայաստանը չի կառուցվում,

Սովետը քանդվեց, տեղում առաջացավ անհասկանալի ինչ-որ բան։

Ու քանի որ անհասկանալիի մեջ ապրելը դժվար ա,

մենք փորձում ենք տալ բացատրություն,

մեզ մեկ թվում ա՝ Սովետը քանդելով վերադարձել ենք հետ,

դեպի նախասովետական ֆեոդալիզմ,

դեպի նախասովետական գավառ,

մեկ էլ թվում ա թե մենք Սովետը ոչ էլ քանդել ենք,

թե մեր իշխանավորները նույն սովետական ֆունկցիոներներն են,

թե մեր շուրջը բրեժնևյան ժամանակների աբսուրդն ա։

Ու ինչը որ մեզ թվում ա , հենց էդ էլ առարկայանում ա մեր մտքում,

ոնց որ էս կողպեքները, ցանցերը, դարպասները,

դրանք կարող են ինչ-որ բան կողպել միայն մի դեպքում՝

եթե դրանք կանգնած են մեր մտքում։

Ու պետք չի, հայաստանցիներ ջան, պայքարել դրանց դեմ, որովհետև

եթե դու մի բանի դեմ պայքարում ես,

էդ բանը գալիս ու կանգնում ա քո մտքում։

Բա ո՞նց անենք, որ սրանք չլինեն։

Պատասխանն իմ համար պարզ ա արդեն՝

պետք ա կառուցել նորը,

կառուցել նորը նախ խոսքի մեջ,

որ հետո էդ նորը տեղափոխվի իրականություն։

Երեկ «Ակտուալ ակումբում» Մարինեն կազմակերպել էր իր հեղինակած մանիֆեստի ընթերցանության երեկոն, որին մասնակցում էին արվեստի քննադատներ, բանաստեղծներ, Մարինեի ընկերները, մարդիկ, ովքեր հետաքրքրված են նրա ստեղծած գրականությամբ: Մանիֆեստի ընթերցումից և տեսաֆիլմի ցուցադրումից հետո Մարինե Պետրոսյանը փորձեց լսել ներկաներից մի քանիսի դիտարկումները՝ կապված մանիֆեստի բովանդակության, դրա ստեղծման շարժառիթների և… հետ:

Մարինեն մասամբ համաձայն է ընթերցանությանը ներկա Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանի հնչեցրած այն կարծիքի հետ, որ այս մանիֆեստում երեք հիմնական գիծ կա՝ արվեստ և քաղաքականություն, կամ արվեստագետ և քաղաքական գործիչ, պատկեր և իրականություն, անցյալ և ապագա:

Այնուամենայնիվ, ինքը՝ հեղինակը, առաջարկում է մանիֆեստն ընկալել և վերլուծել քաղաքականության տեսակետից, որտեղ գլխավոր տեղում արվեստագետն է. «Ես քաղաքականության մասին եմ ուզում խոսեմ,- անդրադառնալով հնչած դիտարկումներին, նկատում է հեղինակը և հավելում,- ես տարբեր ճանապարհներով հանգել եմ նույն մտքին՝ ինչի մասին էլ որ ես գրեցի, միևնույն է, եկա միևնույն համոզմունքին, որ սկզբում ինձ էլ մի քիչ էպատաժային էր թվում, բայց հիմա լրիվ լուրջ եմ ասում՝ քաղաքականությունը մեծ իմաստով աշխարհը փոխողն ա, բայց ոչ թե քաղաքական գործիչների մասնակցությամբ, այլ բանաստեղծների:

Ես քաղաքական գործիչների մեջ (ոչ միայն տեղական, այլ առհասարակ՝ համաշխարհային մասշտաբով), չեմ տեսնում որևէ պոտենցիա՝ աշխարհը փոխելու, իսկ էսօր աշխարհը մի տեղ է հասել, որ իսկապես գլոբալ փոփոխությունների կարիք ունի: Բերենք օրինակներ, դրանցից ամենավառը՝ ֆրանսիական հեղափոխությունը, որ որպես գործողություն կատարել են քաղաքական գործիչները, բայց դա նախևառաջ զարգացել է մտքի մեջ, այլ ոչ՝ գործողությունների:

Այդ հեղափոխությունն իրականում ստեղծել են ժամանակի լուսավորիչները: Անդրադառնալով իրականության մեջ գրականության գործառույթին՝ ասեմ՝ այո, այն ինձ համար հստակ փոխված է: Այն գրականությունը, որ պետք է գրես, հետո այն մամուլի էջերում տպագրվի, գուցե մի ժամանակ ինձ համար ինչ-որ իմաստ ուներ, բայց հիմա՝ այլևս ոչ: Ընդ որում, այս պատկերը շատ հստակ երևում է ամերիկյան օրինակի վրա, որտեղ գրականությունն այնքան է նեղացել, որ վերածվել է մի հիմարության, դարձել զուտ պրոֆեսիա, որն ինձ բերեց մի եզրահանգման, այս ուղին գրականության համար կատարյալ փակուղի է:

Գրականությունն ինձ համար մի բան է, որ գրականություն չէ, և որին պետք չէ վերաբերվել զուտ որպես գրականության, այլ մի բանի, որ իսկապես ինչ-որ բան է փոխում, և կոնկրետ ինձ համար՝ շատ ռեալ կերպով»:

Անդրադառնալով «Կեղծ տեսադաշտ» տեսաֆիլմին՝ Մարինե Պետրոսյանը նկատում է. «Երբ ես ասում եմ՝ կեղծ տեսադաշտ, դա այն չէ, որ այնտեղ առկա պատկերներն իրական չեն: Դրանք իրական են՝ իրական դարպասը կա, այն կանգնած է: Կեղծը դրա ֆունկցիան է: Դարպասն ու կողպեքը փակելու համար են, բայց ֆիլմում պատկերված դարպասը դարպաս ա և միաժամանակ դարպաս չի, կողպեքը կողպեք ա, բայց կողպեք չի»:

Եվ, քանի որ, ըստ հեղինակի՝ «Իմ մանիֆեստը» պետք է ընկալել քաղաքական ենթատեքստի մեջ վերլուծություններ կատարելով, Մարինեն ընդգծում է՝ մեր երկիրը ձախողված չէ, պարզապես այն ղեկավարելու հնարավորություն ստացած երեք նախագահներից և ոչ մեկին իրականում չի հաջողվել գտնելու այն ճիշտ տեսլականը, որ երկիրը կտաներ իրական զարգացումների ճանապարհով, ինչպես եղավ ամերիկյան երազանքի պարագայում: Եվ այնուամենայնիվ, Մարինեն խոստովանում է՝ ինքը ևս այն գտնելու փնտրտուքների մեջ է, և այս մանիֆեստը դրա դրսևորումներից մեկն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս