Հանրահռչակ դիրիժոր Էնթոնի Վիթն առաջին անգամ կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը
«Գրեմմիի», «Էմմիի», Կաննի Classical Award մրցանակակիր, հանրահռչակ դիրիժոր Էնթոնի Վիթն առաջին անգամ կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը:
Համերգը տեղի կունենա վաղը, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:
Ծրագրում կհնչեն Մոցարտի թիվ 41 («Յուպիտեր») և Բրուկների թիվ 3 սիմֆոնիաները:
Մարտի 10-ին Հայաստան ժամանած Մաեստրո Վիթը նախատեսվող համերգին ընդառաջ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնում է՝ արդեն հասցրել է շրջել և հիանալ արևոտ Երևանի տեսարժան վայրերով, եղել է Կասկադում, նախատեսում է այցելել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասին ասում է՝ առանց թույլ կողմերի հիանալի և ներդաշնակ նվագախումբ ունեք, որտեղ ներգրավված երաժիշտներն աշխատում են մեծ նվիրումով և սիրով. «Յուրաքանչյուր դիրիժորի համար առաջնային կարևորություն ունի նվագախմբի առողջ միջավայրը, ինչը ես զգացի և հասկացա այս նվագախմբի հետ հանդիպման առաջին իսկ րոպեներից: Այս նվագախմբում ամեն ինչ մի քիչ ինտերնացիոնալ է, ինչն ավելի հետաքրքիր է դարձնում նրա հետ աշխատանքը»:
Ծանո՞թ է արդյոք հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին. այս հարցին մաեստրո Էնթոնի Վիթը պատասխանում է՝ «Իհարկե, անհնար է լինել այս ոլորտում և չիմանալ Արամ Խաչատուրյանի անունը: Երբ ես Վարշավայի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարն էի, մենք կազմակերպեցինք ու հիանալի կերպով անցկացրինք Արամ Խաչատուրյանին նվիրված մի գեղեցիկ երեկո: Այդ երեկոն կազմակերպվեց հայկական դեսպանության հետ միասին և նվիրված էր Հայաստանի անկախացման տոնին»:
Պարզվում է, Լեհաստանի ամենահայտնի և հարգարժան դիրիժորներից մեկը՝ Էնթոնի Վիթը, ծանոթ է եղել նաև մաեստրո Օհան Դուրյանի հետ, բայց միայն այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացավ, որ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանը նույնպես ազգությամբ հայ է.
1971թ.-ին մաեստրո Վիթն արժանացել է Հերբերտ ֆոն Կարայանի անվան դիրիժորների միջազգային մրցույթի բարձրագույն մրցանակին և Զալցբուրգի Զատկի փառատոնի ժամանակ եղել է Կարայանի ասիստենտը:
Ասուլիսի ընթացքում դիրիժորը հիշում է նաև Հերբերտ ֆոն Կարայանի հետ աշխատած տարիները. «Ես Հերբերտ ֆոն Կարայանի ասիստենտն էի և աշխատում էի ոչ միայն սիմֆոնիկ համերգների, այլ նաև օպերային բեմադրությունների ժամանակ: Ինչպես հայտնի է, Հերբերտ ֆոն Կարայանը մինչև անգամ ինքն էր բեմադրում իր ղեկավարած օպերային ներկայացումները, չափազանց աշխատասեր էր, կարող էր մոտ 10 ժամ շարունակ, անդադար աշխատել: Իհարկե, այդ շրջանն ինձ համար շատ մեծ փորձառություն եղավ: Կարայանը մշտապես շատ լուրջ էր և նույն կերպ էլ վերաբերվում էր իր աշխատանքին»:
Բարձրագույն դպրոցն ավարտելուց հետո Էնթոնի Վիթը նախևառաջ իրավաբանական կրթություն է ստացել, բայց այս մասնագիտությամբ երբևէ չի աշխատել: Պատճառն ինքը՝ դիրիժորը, մեկնաբանում է երաժշտության նկատմամբ ունեցած մեծ սիրով, որ, ի վերջո, իր մասնագիտական կյանքում առաջնային դիրքեր է գրավել:
2001-2013 թթ.-ին Էնթոնի Վիթը եղել է Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը, մինչ այդ հանդես է եկել Լեհաստանի առաջատար բոլոր նվագախմբերի հետ՝ երկար տարիներ ղեկավարելով դրանք՝ որպես գլխավոր դիրիժոր, գեղարվեստական ղեկավար և տնօրեն: Ներկայումս Էնթոնի Վիթը Նավարրայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է (Իսպանիա) և Կրակովի ֆիլհարմոնիկի պատվավոր դիրիժորը (Լեհաստան):
Էնթոնի Վիթը բավականին տիտղոսակիր արվեստի գործիչ է: Նշենք միայն մի քանիսը՝ Լեհաստանի Արվեստի վաստակավոր գործիչ, Լեհաստանի վերածննդի «Ասպետական Խաչ» (1985թ.) և «Commander’s Cross» շքանշանակիր (2000թ.), «Officer’s Cross» շքանշանակիր Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար (2006), Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանի ասպետ (2015):
Մաեստրո Վիթը յոթ անգամ առաջադրվել է «Գրեմմի» մրցանակաբաշխության Պենդերեցկու «Սբ. Ղուկասի կրքեր» (2004թ.), «Լեհական Ռեքվիեմ» (2005թ.), «Երուսաղեմի յոթ դարպասներ» (2007թ.) և Շիմանովսկու «Ստաբատ Մատեր» ստեղծագործությունների ձայնագրությունների համար (2008թ.): «Գրեմմի» մրցանակ է ստացել Պենդերեցկու «Fonogrammi», «Գալարափողի կոնցերտ», «Պարտիտ», «The Awakening of Jacob», «Anaklasis» ստեղծագործությունների ձայնագրության համար (2013թ., Naxsos ֆիրմա):
200-ից ավելի ալբոմներ է ձայնագրել EMI, Sony, CBS, Decca, Camerata Tokyo, NVC Arts, Pony Canyon, EBS Recordings, Naxos և Polskie Nagrania ֆիրմաներում: Վիթը այն քիչ դասական երաժշտության կատարողներից է, որի ալբոմները վաճառվել են ավելի քան 5 միլիոն օրինակով: