Արմեն Սարգսյանը մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ԱՄՆ Բարեկամների ընդունելությանը
ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 13-ին Նյու-Յորքում մասնակցել է Միացյալ Թագավորության նախկին վարչապետ, անվանի պետական գործիչ Ուիլիամ Գլադսթոնի անունը կրող գրադարանի ԱՄՆ Բարեկամների կազմակերպած ընդունելությանը:
Ինչպես տեղեկացրին Արմեն Սարգսյանի գրասենյակից, երեկոյի ընթացքում հատուկ մրցանակով պարգևատրվել է 1997թ-ից վեր Կարնեգի հիմնարկության նախագահ Վարդան Գրեգորյանը, ով, մասնագիտացած լինելով պատմության և հումանիտար գիտությունների ոլորտում, տարբեր տարիների աշխատել է հեղինակավոր մի շարք կազմակերպություններում և իր գիտական ներդրումների համար արժանացել բազմաթիվ պարգևների:
19–րդ դարի երկրորդ կեսին Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը չորս անգամ զբաղեցրած Ուիլիամ Գլադսթոնը (1809-1898թթ) մի շարք առիթներով ելույթներ է ունեցել ի պաշտպանություն թուրքական բռնապետության տակ կեղեքվող հայերի, ինչի համար էլ վայելել է աշխարհասփյուռ հայերի հարգանքը։
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին, որը նպաստելու է Գլադսթոնի ժառանգության հետագա ուսումնասիրությանը և ժողովրդավարության, մարդու իրավունքների, ցեղասպանությունների կանխարգելման ոլորտներում նոր նախագծերի իրականացմանը: Մասնավորապես, նվիրատվությունը ծառայելու է ցեղասպանության թեմայով ցուցահանդեսի կազմակերպմանը: Ցուցահանդեսը մեկնարկելու է Երևանում և այնուհետև շրջելու է աշխարհի տարբեր երկրներում: