
ՌԴ-ն Մեծ Բրիտանիայից ռուս դիվանագետներին արտաքսելու որոշումը սադրանք է որակել

Ռուս դիվանագետներին Լոնդոնից արտաքսելու վերաբերյալ Մեծ Բրիտանիայի որոշումը կոպիտ սադրանք է: Նման կերպ է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել Մեծ Բրիտանիայի որոշմանը:
«Սկրիպալի գործով Մեյի հայտարարությունը Մոսկվան գնահատում է որպես կոպիտ սադրանք, որը խաթարում է միջպետական երկխոսության հիմքերը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Մեծ Բրիտանիան 23 ռուս դիվանագետների կարտաքսի Սոլսբերիում ռուսական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորման կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Թերեզա Մեյը:
Այս որոշումն ընդունվել է, քանի որ Մոսկվան չի պատասխանել Մեյի պահանջին՝ 24 ժամվա ընթացքում Լոնդոնին բացատրել, թե ինչպես է Ռուսաստանում մշակված թունավոր նյութը հայտնվել Բրիտանիայում: Մարտի 14-ի առավոտյան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Լոնդոնին պատասխան տալ Մեծ Բրիտանիայում ռուսական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով պաշտոնական հարցում ստանալու պահից 10 օրվա ընթացքում: