«ԵՄ և անդամ պետությունների համար Հայաստանի բարեփոխումներին աջակցելն առաջնային խնդիր է». Պյոտր Սվիտալսկի

«Այս ծրագիրը մոտ 900 հազար եվրո արժողության ծրագիր է, և կարծում եմ, որ այս գումարն արժե ծախսել դրա վրա։ ԵՄ և անդամ պետությունների համար Հայաստանի բարեփոխումներին աջակցելն առաջնային խնդիր է»,- այսօր ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի վերաբերյալ կլոր սեղան-քննարկման ընթացքում այս մասին ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Հայաստանը, ըստ դեսպանի՝ այս պահին շատ կարևոր փուլում է գտնվում. «Արդարադատության նախարարի և նախարարության թիմի վիճակը շատ լավ եմ պատկերացնում, որովհետև շատ կարճ ժամանակում իրենք մի շարք կարևոր նախագծեր պետք է մշակեին, ինչն արդյունավետ արել են։ Դա շատ կարևոր է, և ԵՄ-ն ու անդամ պետությունների դեսպանները երբ հանդիպում են Հայաստանի պաշտոնյաների հետ, միշտ շեշտում են, որ դատաիրավական բարեփոխումներն առաջնային են բարեփոխումների ցանկում։ Մենք ամեն ինչ անում ենք Հայաստանի իշխանություններին և բոլոր շահագրգիռ կողմերին աջակցելու համար՝ այս թափով բարեփոխումներ իրականացնելու գործում»։

Սվիտալսկին նշեց, որ ԵՄ-ի համար կարևոր խնդիրների ցանկը երկար է, և անդրադարձավ դրանցից երկուսին.

«Նախորդ տարի անցկացված ուսումնասիրության արդյունքում բարձրացված առաջին խնդիրը, որը շատ կարևոր է քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների կոնտեքստում, դատարանների լիակատար անկախությունն ապահովելն է՝ իրավապահ մարմիններից, Դատախազությունից։ Մյուս խնդիրն է՝ նվազեցնել նախնական կալանքի օգտագործման դեպքերի թիվը և տևողությունը։ Եթե նայեք հիմա դատարաններում գտնվող գործերը, համաձայն կլինեք, որ այս դիտարկումները դեռ ուժի մեջ են»։

Տեսանյութեր

Լրահոս