«Կառավարության նիստը գործադիրի փակ նիստ է». կսահմանափակվի ԱԺ պատգամավորների մասնակցությունը կառավարության նիստերին
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախարարությունն առաջիկայում հանդես կգա օրենսդրական նոր նախաձեռնությամբ, որով կսահմանափակվի պատգամավորների մասնակցությունը կառավարության նիստերին:
Մասնավորապես, հարցին՝ առաջիկայում ԱԺ կանոնակարգո՞ւմ էլ սպասենք փոփոխությունների, որ կարգելի պատգամավորների մուտքը կառավարության նիստերին, նա դրական պատասխան տվեց. «Փոփոխություն կլինի, որովհետև կառավարության նիստը, այնուամենայնիվ, փակ նիստ է, գործադիրի նիստ է»։
Ներկայումս «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով պատգամավորները հնարավորություն ունեն ներկա գտնվել կառավարության նիստերին, իսկ «Կառավարության կառուցվածքի մասին» նոր օրենքով նիստերին մասնակցելու հնարավորություն պատգամավորների համար սահմանված չէ:
Նախարարից լրագրողները հետաքրքրվեցին նաև ազգային փոքրամասնությունների վերաբերյալ կատարվող փոփոխություններից։ Նախարարն ասաց, որ Հանրային խորհրդում կարող է լինել նման կառույց, իսկ հիմա քննարկվում է կից կառույցի հարցը. «Մի դեպքում՝ դա Հանրային խորհրդի հանձնաժողովն է, և միաժամանակ՝ կից կառույցը։ Կից կառույցը գալիս է փոխարինելու այն կառույցին, որն այսօր գործում է աշխատակազմին կից»։