Ի՞նչ է լինելու երկքաղաքացիության դեպքում

ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի առաջարկած օրինագիծն այսօր հավանության արժանացավ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում և դրական եզրակացությամբ ընդգրկվեց ԱԺ օրակարգ: Մ.Պողոսյանը լրացում է մշակել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում, որով սահմանվում է, որ ոչ միայն Հայաստանում, այլև օտարերկրյա պետություններում դպրոց հաճախող ՀՀ արական սեռի ներկայացուցիչներին թույլատրվում է ավարտել դպրոցը, հետո միայն անցնել զինվորական ծառայության: Օրինագիծն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է ԱԺ-ի կողմից: Մինչև երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում որևէ  առաջարկ չի եղել:

Մ.Պողոսյանը նշեց, որ գործող օրենքը հնարավորություն է տալիս ՀՀ հանրակրթական հաստատություններում սովորողներին` ավարտել դպրոցը, նոր մտածել զինապարտության մասին, իսկ արտերկրում սովորող երեխաներին դա չէր վերաբերում:

«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է լինելու երկքաղաքացիության դեպքում, հատկապես, երբ ԵԱՏՄ անդամ է Հայաստանը. «Էս հարցերը ո՞նց են լուծվելու»:

«Համապատասխան օրենքներով այդ հարցը լուծված է` ՀՀ քաղաքացիները պարտավոր են ծառայել ՀՀ զինված ուժերում»,- պատասխանեց հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը` հավելելով, որ կարգավորվում է նաև այն հարցը, թե այլ երկրի քաղաքացիությունն ավելի վաղ ձեռք բերելու դեպքում որտեղ է ծառայելու:

Տեսանյութեր

Լրահոս