«Դա անթույլատրելի է, ես մտահոգված եմ այդ դեպքով»․ Արդարադատության նախարարը լուրջ քննարկում կունենա Հ1-ի ղեկավարության հետ
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անթույլատրելի է համարում «Լավ երեկո» հաղորդման ռեպորտաժը, որում ծաղրում են անազատության մեջ գտնվող կանանց։ Լրագրողներն այսօր նախարարին հիշեցրին, որ երբ 2000-ականների սկզբին արդարադատության նախարար էր, այն ժամանակ ՔԿՀ-ներ մուտքը համեմատաբար ազատ էր, 3 օրվա ընթացքում լրագրողները թույլտվություն էին ստանում՝ գնալու և լուսաբանելու կալանավորների կյանքը, ի՞նչ է փոխվել, հիմա ինչու են խոչընդոտներ ստեղծվում լրագրողների համար։
«Որովհետև այն ժամանակ սահմանափակ էր այն անձնանց թիվը, ովքեր ներկայանում էին լրագրող, եթե հիշում եք՝ այն ժամանակ գործում էր այլ կանոնակարգ։ Այսօր յուրաքանչյուր անձ իր կրծքից կախում է բեյջ, օրինակ՝ անունը դնում elak.am կայքի լրագրող, ներկայանում է և ասում՝ խնդրում եմ թույլ տվեք ես մուտք գործեմ ՔԿՀ։ Իսկ ՔԿՀ-ն հանգստյան վայր չէ, կալանավայր է, հատուկ ռեժիմային գոտի, և պահանջում է նաև հատուկ վերաբերմունք»,- ի պատասխան՝ ասաց նախարարը։
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ թույլ տվեցին Հանրային հեռուստաընկերության լրագրողին մուտք գործել ՔԿՀ և ծաղրել դատապարտված անձնանց, նախարարը պատասխանեց, որ մտահոգված է այդ դեպքով․
«Ես կարծում եմ, որ դա անթույլատրելի է, ինքս շատ մտահոգված եմ այդ դեպքով և շատ լուրջ քննարկում եմ ունենալու Հ1-ի ղեկավարության հետ, որովհետև սա առաջին դեպքը չէ, այլ երկրորդ լուրջ բացթողումն է, որ տեղի է ունեցել Հ1-ի կողմից։ Մենք դա քննարկման առարկա կդարձնենք»