«Ոչ ոք չգիտի՝ Ռոբերտ Քոչարյանն ինչ հրահանգ է տվել Հայկ Հարությունյանին, Սերժ Սարգսյանին, ԱԱԾ պետին…». Արթուր Սաքունց

«Որևէ մեկը չի կարող ուղղակի իմանալ, միայն կարող ենք ենթադրել, թե ինչ հրահանգ է տվել Ռոբերտ Քոչարյանը Հայկ Հարությունյանին՝ այն ժամանակվա ոստիկանապետին, ԱԱԾ պետին կամ վարչապետ Սերժ Սարգսյանին։ Նմանապես, չենք իմանալու, թե ինչ հրահանգ է տալիս վարչապետը ոստիկանապետին, ԱԱԾ պետին, ՀՔԾ պետին, ՔԿ պետին»,- այսօրվա քննարկման ժամանակ այս մասին ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Նրա խոսքով՝ ԱԺ-ի առաջ գործողությունների հաշվետվության դեպքում միայն հնարավոր կլիներ իամանալ, որ ուժային մարմինները կախված չեն լինելու միայն նախագահից կամ վարչապետից. «Իսկ նման հաշվետվության չամրագրելն օրենքով նշանակում է՝ կամայական հրահանգներ վարչապետի կողմից՝ ըստ իր հայեցողության։ Ոստիկանապետին կամ ԱԱԾ պետին հարցեր տալու հնարավորություն չունենք, այսինքն՝ ոչ հաշվետու կառավարման տիպիկ արտահայտում է»։

Հանրապետական կայուն մեծամասնությունը, ըստ նրա՝ պետք է հրաժարվի կառավարության այդ կառուցվածքից, որ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ուղղակի ենթարկվեն վարչապետին. «Շարմազանովն ասում է՝ կուզենք՝ կնշանակենք վարչապետ, չենք ուզի՝ չենք նշանակի, բայց խնդիրն այն է, որ դուք, պարոն Շարմազանով, և Հանրապետական մեծամասնությունը պետք է փոխեք այդ կառուցվածքը։ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չպետք է վարչապետի ուղղակի ենթակայության տակ լինեն»։

Տեսանյութեր

Լրահոս