««Ելք»-ում բավականին ժողովրդավարական մթնոլորտ է տիրում. Արտակ Զեյնալյան

«Բավականին ժողովրդավարական մթնոլորտ է տիրում, բազմակարծություն կա «Ելք» խմբակցությունում, և մենք մշտապես ունենում ենք տարբեր կարծիքներ և քննարկումների արդյունքում ունենում ենք հնարավոր օպտիմալը, առավել համոզիչը։ Սա Ազգային ժողովը չի, որ բերեն-անցկացնեն, սա լուրջ խմբակցություն է։

«Հանրապետություն» կուսակցությունն էլ ունի իր տեսակետը և ներկայացնում է քննարկումների ժամանակ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր, դաշինքի «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը՝ մեկնաբանելով «Ելքում» հակասությունների առկայության հարցը։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ երկրի թիվ մեկ խնդիրը Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարելն է, իսկ Մանե Թանդիլյանը երեկ հայտարարեց, որ պահանջ չկա Սերժ Սարգսյանի դեմ պայքարելու, փողոց դուրս գալու, Ա. Զեյնալյանը պատասխանեց, որ չի լսել այդ հայտարարությունները և մեկաբանել չի կարող։

Անդրադառնալով հարցին, թե «Ելքն» ում է առաջադրելու վարչապետի թեկնածու, Ա.Զեյնալյանը պատասխանեց, որ խմբակցությունում քննարկումները շարունակվում են, բայց որոշում դեռևս կայացված չէ. «Տակտիկական նկատառումներից ելնելով՝ կորոշենք՝ երբ և ինչպես ներկայացնել թեկնածուին»։

 

Տեսանյութեր

Լրահոս