«ՀՀ նախագահն անգլուխ ձիավոր է, մեռյալ դիակ». Արթուր Սաքունց

Այս Սահմանադրությամբ հիմք է դրվում նոր Մարտի 1-երի։ Այս կարծիքին է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Վարչապետական դիկտատուրա՞, թե՞ պատասխանատու կառավարում» թեմայով քննարկման ժամանակ Սաքունցն ասաց, որ, եթե պետության մեջ խնդիրների լուծման համար չկան իրավական լուծումներ, քաղաքական լուծումներ, Սահմանադրությունը չի ապահովում իրականության զարգացմամբ խնդիրների լուծումները քաղաքակիրթ ճանապարհով, ապա նման պայմաններում, նրա խոսքով՝ որոշում կայացնողներն ընդունում են որոշումները՝ առանց հանրային կարծիքն ու կարիքները հաշվի առնելու, իսկ բողոքողների նկատմամբ ուժ են կիրառում.

«Սրանք ոչ թե հռետորական կամ քաղաքագիտական հասկացություններ են, այլ բխում են Սահմանադրության տրամաբանությունից։ Այս Սահմանադրությամբ վարչապետի կամ կառավարության առաջարկությամբ է հանրապետության նախագահը միջազգային պայմանագրեր ստորագրելու։ Այսինքն՝ հանրապետության նախագահը, որը պետության գլուխ է, սեփական նախաձեռնությամբ չի կարող ոչինչ անել, որոշիչ նշանակություն չունի։ Նա գնալու է զուտ արարողակարգի մասնակցելու և ստորագրելու»։

Սաքունցի համար կարևոր չէ՝ կառավարման համակարգը նախագահակա՞ն է, թե՞ խորհրդարանական, ավելի կարևոր է իշխանությունների տարանջատման և հակակշռման սկզբունքը.

«Որպես նախագահական կառավարման մոդել՝ ԱՄՆ-ն է, որը կարող են անվանել սուպերնախագահական, որովհետև նախագահն ունի լայն լիազորություններ, բայց զուգահեռաբար՝ Սսենատն ու Կոնգրեսն ունեն այնպիսի լիազորություններ, որ նույնիսկ կարող են նախագահի լիազորությունները կասեցնել։ Եթե մենք դիտարկում ենք այս Սահման դրության լուծումները, ապա տեսնում ենք, որ իշխանության հիմնական հենարան հանդիսացել և մնում են ուժային մարմինները։ 2005թ. Սահմանադրությամբ ՀՀ նախագահի 19 լիազորություններից 13-ը դառնում են վարչապետի լիազորությունները, մնացած 6-ը դատական իշխանությունն է, որ ԱԺ-ի կողմից է ընտրվում, բայց այն նույն մեծամասնությունը, որ ընտրում է վարչապետին, նշանակում է նաև այդ նույն դատական մարմիններին»։

Հետևաբար, ըստ Սաքունցի՝ վարչապետը որոշիչ նշանակություն է ունենում նաև դատական մարմինների ձևավորման ժամանակ. «Դուք քանի՞ անգամ եք տեսել ԱԱԾ պետին ԱԺ-ում ելույթ ունենալիս։ Չեք հիշի և չեք կարող բերել մեկ օրինակ, և այդպես էլ շարունակվելու է։ Քանի՞ անգամ եք տեսել Ոստիկանության պետին ԱԺ-ում՝ հաշվետվություն տալիս. չեք տեսել, չկա այդպիսի օրինակ և չի էլ լինելու»։

Ինչ վերաբերում է նրան, որ ըստ Սահմանադրության՝ ՀՀ նախագահը երկրի գլուխն է, Սաքունցն ասաց, որ ՀՀ նախագահ հասկացությունը կարելի է դնել որպես ՀՀ թագուհու կերպար, քանի որ նա բացարձակապես որևէ նշանակություն չունի. «Սահմանադրության մեջ գրված է՝ երկրի գլուխ, բայց գլուխ չէ, անգլուխ ձիավոր է, մեռյալ դիակ: Սակայն այս դեպքում էլ նույնիսկ մարդիկ չեն կարողանում պատշաճ իրավական նորմերը պահպանելով՝ նախագահի ընտրության խնդիրը լուծել: Արմեն Սարգսյանի ընտրության հետ կապված ունենք դժգոհություն, բայց լուծումը Սահմանադրությունը չի տալիս»:

Տեսանյութեր

Լրահոս