«Դա կառավարության կողմից իշխանության զավթում է նշանակում». Հրանուշ Խառատյան
Այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Վարչապետական դիկտատուրա՞, թե՞ պատասխանատու կառավարում» թեմայով քննարկման ժամանակ ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ասաց, որ Հայաստանում ցանկացած համակարգ նախ և առաջ ուժերի դասավորություն է. «Իսկ ժողովրդավար երկրներում այդ երևույթները ձևավորվում են իրավունքով, ոչ թե ուժերի հավասարակշռությամբ։ Ի վերջո, ուժերի բաշխումն էլ պետք է իրավունքով նորմավորվի։ Ես Սահմանադրությունում փնտրում եմ այն կետը, որով ԱԺ-ն իշխանության այն մարմինն է, որը երկրում այլ իշխանության մարմինների հավասարակշռության ռեալ և գործնական վերահսկողություն և կարգավորում ունի։ Չկա Սահմանադրությունում այդպիսի կետ։
Սահմանադրությունում պարզապես գրված է՝ ԱԺ-ն վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ։ Եթե նայենք Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթները, ապա սրանից այն կողմ չկա իշխանության հետ հարաբերություն։ Սահմանադրությամբ ԱԺ-ն ունի գործառույթ՝ պատերազմ հայտարարելու դեպքում, նույնիսկ մի կետ կա, որտեղ կառավարությունը կարող է արտակարգ դրություն ստեղծել, որից հետո՝ դիմել ԱԺ, և ԱԺ-ն կարող է այդ արտակարգ դրությունը հանել, կարող է և չհանել։ Այսինքն՝ ամեն ինչ հայեցողական է»։
Ազգագրագետը նկատեց՝ ըստ Սահմանադրության, հանրապետության գլուխը նախագահն է, ԱԺ-ն ընդամենը կարող է վերահսկել գործադիր իշխանության պետբյուջեի կատարումը, այսինքն՝ այն, ինչ հիմա է անում, մնացած բոլոր գործառույթները կառավարությանն ու վարչապետինն են. «Շատ հասկանալի է, որ այստեղ ոչ միայն ուժերի և իշխանության հավասարակշռություն չկա, այլև ԱԺ-ն որևէ նոր լիազորությամբ օժտված չէ, որևէ նոր գործառույթ չունի»։
Սահմանադրության հեղինակների պատրաստած հետազոտությունից Խառատյանն իմացել է, որ ԱԺ-ում մոտ 800 փորձագետ է աշխատում. «ԱԺ-ում 800 փորձագետ աշխատելու պարագայում ԱԺ-ն կարող է նաև կառավարության որոշակի աշխատանքների հետ ամենօրյա պրոցեսի մաս լինել։ Եթե նման աշխատանք չի նախատեսվում, ապա կառավարությունն ամբողջ իշխանության գլուխը կլինի։ Այսինքն՝ դա կառավարության գործնական ֆունկցիան չէ, այլ կառավարության կողմից իշխանության զավթում է նշանակում»։