«Վտանգ չեմ տեսնում, օգուտ կարող է լինել». Փաստաբանը՝ Սնանկության դատարանի ստեղծման մասին
Ինչպես հայտնի է, 2019 թվականից ստեղծվելու է սնանկության դատարան, որը միայն սնանկության գործեր է քննելու:
168.am-ի հետ զրույցում փաստաբան Գևորգ Գյոզալյանն ասաց, որ գաղափարը լավն է, եթե նորմալ, պրոֆեսիոնալ դատավորներ լինեն. «Հիմա քաղաքացիական գործեր քննող դատավորը նաև սնանկությունն է քննում, որակը բավականին ցածր է, որովհետև ինքս սնանկության գործեր ունեմ, որոնք քաղաքացիական գործեր քննող դատարանում են:
Սնանկությունը բավականին բարդ է, օրենքն էլ կատարյալ օրենք չէ, այստեղ պետք են պրոֆեսիոնալներ, որոնք կմասնագիտանան սնանկության վրա և կփորձեն ոչ միայն արդարադատություն իրականացնել, այլև՝ այդ օրենքի հետ կապված ակտիվ առաջարկներ ներկայացնել, որպեսզի այդտեղ էլ իրավակարգավորումները փոխվեն: Ամեն դեպքում, ինքնին գաղափարը շատ լավն է, ողջունում եմ, վարչականի էֆեկտը կարող է ունենալ, ու եթե նորմալ պրոֆեսիոնալներ գան, կարծում եմ՝ այդտեղ բավականին կբեռնաթափվի: Վտանգ չեմ տեսնում, օգուտ կարող է լինել»: