Ինչ է սպասվում Արևմուտքին և Ռուսաստանի դաշնակիցներին
Մարտի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը ՌԴ Դաշնային խորհրդում աչքի ընկավ ուժի ցուցադրության արտահայտված տարրերով, որոնք Արևմուտքում միջուկային սպառնալիք և ՌԴ ապագա ղեկավարության նոր արտաքին քաղաքականություն որակվեցին։
ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինն անիմացիոն տեսաշարի միջոցով ներկայացրել էր ռուսաստանյան նոր սերնդի սպառազինությունները, այդ թվում՝ միջմայրցամաքային նոր հրթիռները, միջուկային շարժիչով թևավոր հրթիռները և ստորջրյա միջմայրցամաքային, որոնք, ըստ Պուտինի, անիմաստ են դարձնում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգը և ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք:
ՌԴ նախագահը մասնավորապես ներկայացրել էր հայրենական արտադրության միջուկային նոր զինատեսակները, որոնք, ըստ նրա, չունեն իրենց նմանը, այդ թվում՝ նաև «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, «Ավանգարդ» գերձայնային համալիրը, միջուկային էներգահամակարգով թևավոր հրթիռը, ինչպես նաև՝ ինքնակառավարվող ստորջրյա սարքը:
Ուշագրավ է նաև, որ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդին ուղղված իր ելույթում հայտարարել էր, որ Ռուսաստանն ակնթարթային միջուկային հարված կհասցնի, եթե իր կամ իր դաշնակիցների դեմ միջուկային կամ էլ պետության հիմքերին սպառնացող զանգվածային խոցման այլ զենք կիրառվի: Իսկ դաշնակիցները, ըստ ռուսական ղեկավարության, ՀԱՊԿ անդամ երկրներն են և այն երկրները, որոնց հետ Ռուսաստանը ռազմավարական հարաբերություններ ունի։
«168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ արևմտյան վերլուծաբաններն այդ ելույթը մեկնաբանում են մի կերպ, իսկ ռուսաստանցի վերլուծաբանները` այլ: Իրականում, ըստ նրա՝ տեղի է ունեցել ուժի ցուցադրության դասական օրինակ, որը քաղաքականության մեջ բավականին լայն տարածում ունեցող և ակտիվորեն օգտագործվող գործիք է: Լուկիանովի խոսքով, ուժի և սպառազինության ցուցադրությունը չի նշանակում, որ այն անպայմանորեն կիրառվելու է որևէ ուժի դեմ: Ռուս քաղաքագետի կարծիքով՝ արևմտյան փորձագետներին անհանգստացրել է հատկապես այն հանգամանքը, որ Ռուսաստանը հավակնում է դառնալ միջուկային հզոր և Արևմուտքի հետ մրցակցող տերություն, քանի որ ՌԴ նախագահը ներկայացրեց միջուկային էներգահամակարգով հրթիռ, որն անխոցելի է որոշ պաշտպանության համակարգերի համար:
«Հայաստանում դա շատ ավելի լավ են հասկանում՝ ունենալով Ղարաբաղյան հակամարտությունը և հակառակորդին զսպելու համար սպառազինությունն ի ցույց դնելու անհրաժեշտությունը: Այդ գործիքին դիմում են և Հայաստանը, և Ադրբեջանը: Այս դեպքում ևս կար ուժի ցուցադրության անհրաժեշտություն, երբ Միացյալ Նահանգները շարունակում է նորանոր պատժամիջոցներ կիրառել, նորանոր խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար, դա արվում է ոչ միայն՝ պատժամիջոցների օգնությամբ, այլև՝ Եվրոպայի և այլ գործընկերների միջոցով, ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի:
ՌԴ նախագահը միամիտ չէ, որ կարծի, թե այս ուղերձը կզսպի ԱՄՆ-ին պատժամիջոցների դեպքում: Ուժի ցուցադրությունը շատ ավելի հեռահար նպատակներ ունի և նախատեսված է այն ժամանակաշրջանի համար, երբ կարող են սպասվել բախումներ: Ռուսաստանը զգուշացնում է, որ ունի լավ պաշտպանվելու հնարավորություններ»,- ասաց Լուկիանովը:
Ռուս քաղաքագետը չգիտի, թե որքանով է իրատեսական ՌԴ նախագահի պնդումն այն մասին, որ ռուսական կողմը նույնը կանի նաև դաշնակիցների համար, քանի որ հակամարտություններն ու միջազգային հարաբերությունները բավականին բարդ են: «Ռուսաստանը կփորձի լինել իր բոլոր դաշնակիցների կողքին, բայց այնպիսի դեպքերում, ինչպիսին Ղարաբաղյան հակամարտությունն է, երբ կողմերը երկու դաշնակիցներն են, դա անելը բարդ է, ուստի այս պնդումը վիճելի է: Սակայն, եթե խնդիրներ առաջանան դաշնակիցների և Արևմուտքի միջև, որում ռուսական կողմը նաև իր շահը կտեսնի, հնարավոր է»,- ասաց Լուկիանովը:
Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական գործիչ, հրապարակախոս Անդրեյ Պիոնտկովսկին Պուտինի ելույթը Դաշնային խորհրդում ուժի ցուցադրության էժանագին օրինակ որակեց: Նա նշեց, որ Վլադիմիր Պուտինը նախընտրական շրջանում կրկին փորձում է «հզոր տերության» քարոզչություն իրականացնելով՝ ընտրազանգված ձեռք բերել` առիթը օգտագործելով Արևմուտքի հետ մրցակցելու նպատակով:
Սակայն Պիոնտկովսկին հորդորում է չընկալել պուտինյան ելույթը միանշանակ: «Ռուսաստանի նախագահը փորձում է համոզել, որ իրականում լինելով պատժամիջոցների տակ և ունենալով տնտեսական լուրջ խնդիրներ, կոռուպցիա երկրում, կախվածություն Արևմուտքից, կարող է արժանի հարված հասցնել Արևմուտքին, մրցակցել ԱՄՆ-ի հետ, այնինչ երկրի տնտեսությունը պարզապես տապալված է, որը ՌԴ նախագահը փորձում է թաքցնել: Ռուսաստանի նախագահը փորձում է հզոր տերության պատրանք ստեղծել: ԽՍՀՄ տարիներին ևս Ռուսաստանը փորձում էր Կուբայում հրթիռներ տեղակայելով նման պատրանք ստեղծել: Սակայն Արևմուտքում նման պատրանքներ ստեղծելու փորձերին ծաղրում են ամենաբարձր մակարդակով` Սպիտակ տան»,- ասաց Պիոնտկովսկին: Վերջինիս կարծիքով՝ այն դաշնակիցները, որոնց օգտին ՌԴ նախագահը հանդես է գալիս, պետք է զգուշանան:
«Ներկայիս Ռուսաստանը սպառնալիքի աղբյուր է, հիտլերյան քաղաքականությունը վերակենդանացնողը և չի կարող որևէ երկրի պաշտպանել՝ հանուն այդ երկրի անվտանգության ու շահի, ինչպես Հայաստանի դեպքում է: Այս ելույթը ցույց է տալիս, թե ինչ ուղիով է ընթանալու պուտինյան քաղաքականությունը նրա վերընտրությունից հետո` էլ ավելի մեծ հետընթաց, թափանցիկության վերացում, էլ ավելի կոշտ արտաքին քաղաքականություն»,- ասաց Պիոնտկովսկին: