«Շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքերի կիրառումն օրենքի հետ հակասություն ունի». Փաստաբան
Փետրվար ամսից ՀՀ-ում գործում են շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքեր: Սարքը տեղադրված է մեքենայի մեջ, այն աննկատ շրջում է քաղաքով և տուգանում կարգազանց վարորդներին:
168.am-ը փաստաբան Գևորգ Գյոզալյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է իրավաչափ շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքերի կիրառումը՝ հաշվի առնելով, որ մարդու մասին անձնական տվյալներ են հավաքվում՝ առանց նրա իմացության:
Ի պատասխան՝ փաստաբանն ասաց, որ միանշանակ այդտեղ խնդիր կա. «Այն տվյալները, որ իրենք հավաքում են, դրանք անձնական տվյալներ են: Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքն առանձնացնում է երկու հիմք՝ մեկը անձի համաձայնությունն է, որի դեպքում դու կարող ես իր վերաբերյալ տեղեկություններ հավաքագրես, մյուսը՝ տեղեկացումն է դրանց մասին, որը նաև օրենքով է սահմանվում: Կոնկրետ այդ իրավակարգավորումը որոշակի հակասություն ունի օրենքի հետ:
Նույն տեսանկարահանող սարքերը, որ կան խաչմերուկներում, դրանք ոչ միայն քաղաքապետարանի կայքում կան, որ դու կարող ես իմանալ՝ որն է նկարվում, այլև՝ օրենքի հետ կապված այն հակասության էլեմենտներ չունի:
Այստեղ, բնականաբար, իրենք օրենքի հետ կապված խնդիրներ ունեն, բայց ես կարծում եմ, որ իրենք կլրացնեն: Այս պահի դրությամբ, համենայն դեպս, կարող ենք փաստել, որ օրենքի հետ կապված խնդիր կա: Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի համաձայն՝ անձնական տվյալը չես կարող առանց անձի համաձայնության հավաքագրես, եթե դա օրենքով նախատեսված չէ: Օրենքով դա նախատեսված չէ, անձի համաձայնությունն էլ չկա: Հետևաբար՝ այստեղ օրենքի հետ կապված խնդիր կա»:
Մեր հարցին, թե ի՞նչ շանսեր կան, որ անձը տուգանքը վիճարկելիս կարող է հաջողության հասնել, եթե խախտումը շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքն է արձանագրել՝ Գ. Գյոզալյանն այսպես պատասխանեց. «Մի քիչ չեմ հավատում դրա հաջողությանը, բայց իրավական կարգավորումը, կարող եմ ասել՝ ոնց կլինի: Օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցները չեն կարող դրվել դատական ակտի հիմքում, դա սահմանադրական պահանջ է: Ուստի, եթե վիճարկեն կոնկրետ ապացույցն իրավական առումով, պետք է որոշակի հաջողություն ունենան, որովհետև եթե վկայակոչեն Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը, և ասեն՝ այս օրենքի իմաստով սա անձնական տվյալ է, իսկ օրենքը չի սահմանում, որ այս ապացույցը կարող է դրվել վարչական պատասխանատվության ենթարկելու հիմքում, միգուցե հաջողություն ունենան:
Իսկ ընդհանուր առմամբ չեմ հավատում դրա հաջողությանը՝ հաշվի առնելով քաղաքականությունը: Իրավական առումով եթե շանսեր կան, որ կհասնեն հաջողության, քաղաքական առումով մի քիչ թերահավատ եմ, որովհետև կարող է՝ դատական մի ակտ ստեղծվի, հասցնեն վճռաբեկ դատարան, վճռաբեկ դատարանն ինչ-որ մի բան ասի՝ ի վնաս քաղաքացու, դա արդեն իրենց համար կլինի ուղղորդող»:
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ինչքանո՞վ այդ սարքերի կիրառումը կարող է արդյունավետ լինել ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման տեսանկյունից: Ի պատասխան՝ փաստաբանն ասաց. «Ես մի քիչ հեռու եմ այն մտքից, որ խստացնելով, պատժելով և այլն, դու քո առջև դրված խնդիրը կլուծես: Եթե դու ցանկանում ես ինչ-որ մի բան փոխես, ինչ-որ քաղաքականություն փոխես, շատ ավելի ազատ միջոցներով դու կարող ես հասնել, քան՝ պատժելու միջոցով:
Ազատ հասարակարգերը, որպես կանոն, շատ ավելի օրինապահ են լինում, քան՝ փակ հասարակարգերը, որտեղ ամեն մի բանի համար կարող են պատժել: Իմ անձնական կարծիքով՝ իրենք չեն հասնելու այն նպատակին, ինչն իրենք իբր դրել են, որովհետև քանի դեռ ճանապարհային երթևեկության կահավորումը պատշաճ չէ, պետական մակարդակով իրենք քարոզում են այդ գոլդ համարները, որ մարդիկ 30 հազարից մինչև 8 միլիոն դրամ տանում են՝ գոլդ համարների համար են տալիս, քանի դեռ մարդիկ այդ մտածելակերպն ունեն, այդ մտածելակերպի տեր մարդուց ակնկալել, որ նա բարձր իրավագիտակցություն կդրսևորի և չի խախտի ճանապարհային երթևեկության կանոնները, կարծում եմ՝ անիմաստ է, որովհետև ինքը խախտելու է»: