«Բազմաթիվ կին գյուղապետեր դուրս են մնացել գործընթացից և չեն կարողանում մրցակցել խոշորացված համայնքների տղամարդ ղեկավարների հետ». Իվետա Տոնոյան
«Հաշվի առնելով վերջին տարիների դինամիկան, պետք է բավարար գնահատել կանանց ներգրավվածությունը երկրի հասարակական, քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Նա նկատեց, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ընդունված Ընտրական օրենսգրքում հստակ ամրագրված էր, որ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական կուսակցությունների ցուցակների յուրաքանչյուր հնգյակում պետք է կանայք ներգրավված լինեն, ինչի արդյունքում այսօր խորհրդարանում կանանց ներկայությունը շատ ավելին է, քան՝ նախորդ գումարման Ազգային ժողովում:
«Բավարարվել այսքանով, կարծում եմ, ճիշտ չի լինի: Ես շատ կուզենայի, որ, ինչպես օրենսդիրում, այնպես էլ՝ գործադիր իշխանությունում հայ կանանց ներգրավվածությունը, մասնակցությունը շատ ավելին լիներ իշխանության ձևավորման և իրականացման մասով: Վստահ եմ և հուսով, որ առաջիկա տարիներին այս դինամիկան, այս տենդենցն ավելի ակնհայտ կլինի:
Առանց թերագնահատելու մեր տղամարդ գործընկերների դերակատարումը՝ փորձը ցույց է տալիս, որ կանայք շատ ավելի հետևողական են իրենց գործառույթներն իրականացնելու առումով, շատ ավելի մանրակրկիտ են ուսումնասիրում՝ ցանկացած հարցի հետ կապված, և շատ ավելի հետևողական են լինում՝ կոնկրետ աշխատանքը մինչև վերջ հասցնելու առումով: Կուզեի նաև՝ համայնքային կառավարման մասով ակտիվ լիներ կանանց ներգրավվածությունը:
Ցավալի է, բայց համայանքների խոշորացման արդյունքում բազմաթիվ կին գյուղապետեր դուրս են մնացել գործընթացից և չեն կարողանում մրցակցել խոշորացված համայնքների տղամարդ ղեկավարների հետ: Հուսով եմ, որ այս առումով ևս որոշակի տեղաշարժ կլինի՝ լինի դա օրենսդրական թե այլ հարթակներում, բայց այս հարցը ևս պետք է կարգավորվի, որպեսզի կանայք ևս կարողանան ակտիվ մասնակցություն ունենալ կոնկրետ համայնքների ղեկավարման առումով»,- ասաց պատգամավորը:
Մենք հետաքրքրվեցինք, թե ինչքանո՞վ է հեշտ կնոջ համար՝ և՛ ակտիվ լինել հասարակական-քաղաքական գործընթացներում, և՛ լինել տան կին: Ի պատասխան՝ Ի Տոնոյանն ասաց, որ ցանկության դեպքում հնարավոր է ցանկացած բան համատեղել. «Անկախ նրանից՝ դու քաղաքականությա՞ն մեջ ես, թե՞ ցանկացած այլ ոլորտում, ցանկացած աշխատանք քեզնից շատ ժամանակ է խլում, ու նույնը կարող ես ասել ցանկացած այլ մասնագիտության դեպքում: Եթե կա ցանկություն և անհրաժեշտ ներուժը, դու կարող ես ամեն ինչ հասցնել, որպեսզի ոչ մի բան չտուժի: Իհարկե, երբեմն դժվար է լինում հասցնել, ժամանակ հատկացնել հարազատ մարդկանց, ընկերներին, շրջապատի մարդկանց, բայց ժամանակ առ ժամանակ այդ ամեն ինչը կոմպենսացվում է: Այնպես որ, ցանկության դեպքում հնարավոր է ամեն ինչ հասցնել»: